Մոսկվան Ալեն Սիմոնյանի հայտարարությունները սադրիչ է որակել
Մոսկվան սադրիչ է համարում ՀՀ անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, թե Հայաստանը պատրաստ է ընդունել Ռուսաստանի քաղաքացիների նոր հոսքեր, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա մեկնաբանությունը հրապարակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում։
Զախարովան ընդգծել է, որ Սիմոնյանի հայտարարությունները հնչել են Ռուսաստանում հնարավոր զորահավաքի մասին շրջանառվող շահարկումների ֆոնին, որոնք բազմիցս հերքվել են ՌԴ պաշտոնատար անձանց կողմից։
«Սիմոնյանի արտահայտությունները համարում ենք սադրիչ։ Ըստ էության, դրանք խրախուսում են Ռուսաստանի քաղաքացիներին կատարել անօրինական գործողություններ և ավանդական հայկական հյուրընկալությանը հաղորդում են թունավոր քաղաքական երանգ»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի գնահատմամբ՝ Սիմոնյանի հարցազրույցը բացահայտորեն թշնամական բնույթ է ունեցել Ռուսաստանի նկատմամբ։ Նրա խոսքով՝ Ազգային ժողովի նախագահ եղած ժամանակ էլ Սիմոնյանը պարբերաբար հանդես էր գալիս ոչ միանշանակ արտահայտություններով, այդ թվում՝ ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող թեմաներով։
«Ցավով ենք նշում, որ պաշտոնական Երևանի ներկայացուցիչների կողմից Մոսկվայի հետ երկկողմ համագործակցությունը խաթարող հրապարակային հայտարարությունների տարածման միտումը շարունակվում է»,- նշել է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ 2026 թվականի փետրվարին Ռուսաստան կատարած այցի ընթացքում Ալեն Սիմոնյանը խոսել էր ռուս-հայկական կապերի զարգացման կարևորության մասին։ Զախարովան նշել է, որ Սիմոնյանի վերջին մեկնաբանությունները գնահատվում են որպես Հայաստանի իշխանությունների՝ Արևմուտքին և Կիևի ռեժիմին ծառայելու ձգտման ևս մեկ վկայություն։


