Մայորը համածառայակիցների ներկայությամբ սրբիչով քերել է զինվորի դեմքը
Հրապարակը գրում է. «Սյունիքի զորամասերից մեկում ամիսներ առաջ ժամկետային զինծառայողի նկատմամբ բռնության դեպք է տեղի ունեցել, որը, ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, հայտնվել է նաև իրավապահների ուշադրության կենտրոնում։
Մեզ պատմեցին, որ զորամասի մայոր Վահե Աբրահամյանը ֆիզիկական բռնության է ենթարկել ժամկետային զինծառայող Յուրա Մացակյանին՝ վերջինիս ոչ պատշաճ սափրվելու համար։
Մասնավորապես, ըստ ստացված տեղեկությունների՝ զինծառայողը «շուշաթրաշ» չի արել, ինչից հետո մայորը, համածառայակիցների ներկայությամբ, սրբիչով քերելու միջոցով սափրել է նրա դեմքը։
Նշվում է, որ մայորի գործողությունների հետևանքով զինծառայողին պատճառվել է ֆիզիկական և հոգեբանական տառապանք։ Դեպքի առթիվ մայորին մեղադրանք է առաջադրվել, իսկ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը։
Մեզ հետ զրույցում Աբրահամյանի պաշտպան Լիանա Գրիգորյանը չկարողացավ գործի վերաբերյալ մանրամասներ ներկայացնել։ «Այս պահին հարմար չէ, հանրային պաշտպան եմ, շաբաթ օր է, չեմ հիշում՝ որ գործի մասին է խոսքը»,- ասաց նա։
Այս դեպքը տեղի է ունենում բանակում վերջին շրջանում արձանագրված ծանր միջադեպերի ֆոնին, որոնց թվում են սպանություններն ու ինքնասպանությունները։»


