Սա դեռ սկիզբն է, կմիանան նոր բժիշկներ. Գևորգ Թամամյան (Տեսանյութ)
Սա դեռ սկիզբն է, կմիանան նոր բժիշկներ. Գևորգ Թամամյան (Տեսանյութ)
Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց Մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գեւորգ Թամամյանը:
«Երեկ Մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ամբողջ աշխատակազմը՝ բժիշկները, բուժքույրերը, հոգեբանները, մանկավարժները, մայրապետները, բոլորն ամբողջությամբ ազատման դիմում են ներկայացրել հոկտեմբերի մեկից եւ հոկտեմբերի մեկից աշխատանքի դուրս չեն գալու եւ դեռեւս պետական արձագանք չկա այս ամենին եւ հույս ունեմ այդ լռությունը երկար չի տեւի»:
Նա պարզաբանեց, որ հեղափոխությունից հետո բժիշկ Սամվել Դանիելյանը հրավիրվեց ղեկավարելու արյունաբերական կենտրոնը, ով ստիպված էր նախորդ ռեժիմի ժամանակ որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից:
«Նրա նշանակումը թույլ տվեց միավորել ամբողջ ոլորտը եւ ահռելի արդյունքներ գրանցվեցին: Նախարարությունը, առանց որեւէ բան ասելու, ծանուցում է ուղարկում, որ նրա աշխատանքային պայմանագիրը լուծվում է»,-ասաց նա եւ նշեց, որ դա հասկանալի է այնքանով, որ իրենց մոտիվները որեւէ աղերս չունեն պետության, հասարակության բարօրության հետ:
Ինչ վերաբերում է նախարարության պարզաբանմանը, որ լրանում է Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը, եւ տարիքից ելնելով չի կարող մասնակցել մրցույթի, Գեւորգ Թամամյանն ասաց, որ իրենց կենտրոնը ՓԲԸ է եւ ՊՈԱԿ-ների մասին օրենքը նրանց վրա չի տարածվում, այսինքն՝ օրենքի նման պահանջ չկա:
«Նախարարությունը վերջին տարում փորձում էր իմիջ ստեղծել, որ Սամվել Դանիելյանը հայտնի, ընտիր բժիշկ է, բայց լավ մենեջեր չէ, իսկ դրա պատասխանը թվերն են, որ բոլոր ուղղություններով աճը թաքցնել հնարավոր չէ»,-ասաց նա եւ նշեց, որ շատ լավ գիտեն նախարարության մենեջերներին:
«Նախարարությանն անհրաժեշտ չեն մարդիկ, ովքեր ունեն անձնական կարծիք, հեղինակություն, ունեն իրենց տեսլականը եւ գլուխները կախ չեն ծափահարելու իրենց»,-ասաց նա։
Տեսանյութը ստորև