«Կառավարական դաչայի բնակիչն ինչպե՞ս իմանա այդ ամենը». Սյուզաննա Սիմոնյան
«Կառավարական դաչայի բնակիչն ինչպե՞ս իմանա այդ ամենը». Սյուզաննա Սիմոնյան
ՀԽ-ի նախկին մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արարատի կինը, մետրոն ու պատռված բուկլետը:
Արարատ Միրզոյանի կինը Փաշինյանին մետրոյում մերժած աղջկա դատավճիռն է արդեն կարդացել «Է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն» ոճով։
Դե իհարկե, կառավարական ամառանոցից կյանքը մի քիչ այլ է երևում, այնտեղ պատուհանները լայն չեն սովորականի պես, այնտեղ պատուհանները նեղ փանջարաներ են, որտեղից աշխարհն էլ մի նեղ փանջարայի չափ է երևում՝ ամեն ինչ պայծառ ու լուսավոր։
Տիկինը հավանաբար կարծում է, որ եթե հեղափոխությունը իր ընտանեկան բյուջեն լցրել է հազարավոր դոլարների հասնող պարգևավճարներով, ուրեմն ուրիշներինների գրպաններն էլ են լցվել։
Հավանաբար կարծում է, որ, եթե իր բոլոր նախկին սոցիալական հոգսերը թեթևացել են, ապա մյուսների կյանքն էլ է դարձել թիթեռնիկի կյանքի նման պայծառ ու գունավոր։
Ապահով կառավարական դաչայի բնակիչը ինչպե՞ս իմանա, կամ որտեղի՞ց մտքով անցկացնի, որ բուկլետը պատռած աղջնակը գուցե հենց հեղափոխության առաջամարտիկներից է եղել, որի շնորհիվ ինքը հիմա ամառանոցում է ապրում, իսկ հեղափոխական աղջիկը չի կարողանում ձմռան սակագինը վճարել։
Նա գուցե այլ ակնկալիքներ է ունեցել հեղափոխությունից, օրինակ, որ իր ընտանիքի հոգսն էլ մի փոքր կթեթևանա։ Իսկ գուցե նա այդ պահին հիվանդ մայր ունի, և մտածում է գումար հայթայթելու մասին, քանզի «ամառանոցային» պարգևավճարների հետ համեմատած մի թշվառ թոշակ ստացողի համար անհնար է ոչ միայն փրկվելը այլև՝ գոյատևելը։
Իսկ գուցե նախկին բնապետության օրոք ապօրինի ու շինծու գործով եղբայր ունի բռնադատված և աղջիկը հեղափոխությունից հետո երազում էր, որ ի վերջո երկրում արդարադատություն կհաստատվի, կքանդվի բռնապետության Բաստիլը, և իր եղբորն էլ կժպտա արդարադատության արևը։
Գուցե աղջնակը իր կյանքի մեծ սերն է կորցրել բանակում, որը հերթական «ինքնասպանություն» որակվածներից մեկն է։
Գուցե շատ է ուզում սովորել, ու մարդ դառնալ, մեծ մարդ, որը մի օր կզբաղեցնի միրզոյանական ամառանոցներից մեկը, ու նրանց նման առոք-փառոք կապրի, բայց ավաղ հնարավորություն չունի ընդամենը բուհ ընդունվել, քանի որ սպասուհի է աշխատում, որ հիվանդ ծնողներին պահի։
Իսկ գուցե վարկի տակ ճկռած ու իրենց տունը կորցրած ընտանիքի զավակ է, և սրա-նրա տներում քնելով է իր կյանքն անցկացնում։ Գուցե անտուն է, և մեկից մի 20 լումա է խնդրել, որ ինչ-որ գործով մետրոյով հասնի ինչ-որ տեղ ինչ-որ հարց լուծելու, ու այդ պահին ո՛չ բուկլետի սիրտ ունի, ո՛չ՝ «Այո»-ի կամ «Ոչ»-ի։
Իսկ եթե ավելի լավատես լինեմ, գուցե նրանցից է, ով ավելի վեհ գաղափարներ է ունեցել և ավելի մեծ ակնկալիքներ է ունեցել հեղափոխությունից, և հիմա չի կարողանում հաշտվել այս ապիկար իրավիճակի հետ, և նրան իրավացիորեն խաբեություն է թվում այն դուխով գրառումը կրող գլխարկը, որի մեջ այնքան ոգի և համարձակություն չկար, որ հեղափոխությունը հեղափոխական դառնար։
Եվ հետևաբար, այսօրվա «Այո»-ի գլխարկն էլ նա ընդամենը ֆոկուսնիկ/ աճպարարի օգտագործած տրյուկ է որպես ընդունում։
Ու այսպիսի ծանր բեռը շալակած աղջնակը հանկարծ հանդիպում է մետրոյով երթևեկող «դուխով հեղափոխականին», որը դեռ երկու տարի առաջ իրեն տրված «Այո»-ն է մետրոյում փնտրում, այն «Այո»-ն, որը նա անփութորեն կորցրեց։
Տիկինը չգիտի դեռ, թե վերը նշվածների դեպքում ինչ ցասում է առաջանում մարդկային հոգում, որ բուկլետն ի՞նչ է։ Ցասումով մարդը մարդ էլ կճղի։ Ասված մի արասցե, որ այդ օրն էլ գա»: