Մամուլ

Հանրաքվե նշանակելու մասին որոշումը ակնհայտ խախտում է ՀՀ Սահմանադրությունը․ հայտարարություն

Հանրաքվե նշանակելու մասին որոշումը ակնհայտ խախտում է ՀՀ Սահմանադրությունը․ հայտարարություն

Այս մասին հայտարարություն են տարածել ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը, իրավաբան Ռուբեն Մելիքյանը։

«Մենք՝ ներքոստորագրյալ իրավաբաններս և իրավապաշտպաններս, խորը անհանգստությամբ հետևելով փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովում ծավալված իրադարձություններին, արձանագրում ենք, որ օրենսդիր մարմնի կայացրած՝ հանրաքվե նշանակելու մասին որոշումը ակնհայտ ու անթաքույց խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու սահմանադրական օրենսդրությունը։

Կարևորելով անմիջական ժողովրդավարության մեխանիզմները՝ միաժամանակ պնդում ենք, որ դրանք չեն կարող կիրառվել կամայականորեն և անիրավաչափորեն։

Դա ոչ միայն կխարխլի իրավական պետության հիմքերը, այլև կստեղծի իրավունքի ոտնահարման ծանրակշիռ նախադեպ։ Մեր այս մտահոգությունները լիովին համահունչ են Եվրոպայի խորհրդի շրջանակներում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին։

Վերոգրյալից ելնելով՝ Հանրապետության նախագահին կոչ ենք անում ձեռնպահ մնալ այս հակասահմանադրական գործընթացին մասնակցությունից և հանրաքվեի նշանակումից։

Լարիսա Ալավերդյան, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան

Ավետիք Իշխանյան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ

Ռուբեն Մելիքյան, իրավաբան»։

Հայտարարությունը բաց է իրավաբանների և իրավապաշտպանների միանալու համար։ Ստորագրություններն ամփոփվելու են փետրվարի 8-ին՝ ժամը 17:00-ին։

Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական և քաղաքական կառույցներին առաջարկում ենք Հանրապետության նախագահին դիմել համանման կոչով»,-նշված է հայատարարության մեջ։

Կիսվել