Ժամանց

«Ես Սերժ Ազատիչին միշտ ասել եմ՝ կյանք, սիրում եմ ես քեզ»․ ՀՀԿ տատիկ

«Ես Սերժ Ազատիչին միշտ ասել եմ՝ կյանք, սիրում եմ ես քեզ»։ Այսօր՝ վաղ առավոտյան, «Հրապարակի» խմբագրություն էր եկել հայտնի ՀՀԿ տատիկը՝ Սուսաննա Սարգսյանը՝ ասելով, որ ելույթ է ուզում ունենալ և շատ կարևոր ասելիք ունի։ Իր խոսքը ՀՀԿ տատիկը սկսեց ԱՄՆ Սենատին ուղղված շնորհակալությամբ, ապա սպառնաց Թուրքիայի նախագահ Էրդողանին, որ եթե Քիմ Քարդաշյանի գլխից մազ պակասի, իր անեծքներով կհանի Էրդողանի աչքերը․

«Ես եկել եմ այս խնդրով, քանի որ հայրենասեր եմ։ Ես ողջ գիշեր չէի կարողանում քնել, որ գամ պատմեմ Ալիևի և էրդողանի կատարած վայրագությունները, քանի որ ամեն ինչից ես քաջ տեղյակ եմ, չեմ կարողանում հանգստանալ։ Նախ կոչ եմ անում՝ սփյուռքահայեր, հորդորում եմ ձեզ, ոտքի կանգնեք և շնորհակալություն հայտնեք նրանց, ովքեր ճանաչեցին ցեղասպանությունը։ Հիտլերն ասաց՝ ես հրեաներին կոտորեցի, ինձ ոչ մի բան չարեցին, նույնպես թուրքերը հայերին կոտորեցին, և ոչ մի պատիժ չտվեցին։

Հետո՞, մինչև ե՞րբ պիտի քրիստոնյաների սպանությունը գնա։ Ես կոչ եմ անում բոլոր զարգացած պետություններին, որ մատների արանքով չնայեն այդ վայրագություններին։ Էրդողան, Անի, Վան, Էրզրում, Ղարս, դրանք՝ բոլորը, հայկական հողեր են։ Էրդողան, բա դու չե՞ս ամաչում, այ փռշտամ ես քո վրա, որ ասում ես՝ Քիմ Քարդաշյանին ես կսպանե՞մ։ Ո՛չ, դու չես կարող Քիմին սպանել։ Իմ անեծքով ես քո կյանքը կխլեմ, իմ անեծքով ես քո աչքերը կհանեմ ու տեղը ապակի կդնեմ»։

Տատիկը չմոռացավ նաև Ալիևին․

«Շուռ գամ նայեմ քեզ, Ալիև։ Բոյդ վիթխարի, բայց գլուխդ ոչխարի։ Ես ինչպե՞ս կոչ չանեմ բոլորին, որ այդ կադրը վերցնեն և նայեն, որ Ռամիլ Սաֆարովը հատուկ կացինով մտավ հյուրանոց և հանգիստ քնած սպային մորթեց նա։ Ճանաչեք նաև Արցախի անկախությունը, արյունոտ ձեռքերով հաց մի կերեք, բավական է»։

ՀՀԿ տատիկին հարցրինք, թե գո՞հ է Փաշինյանի կառավարությունից։ Դիվանագիտական պատասխան տվեց․

«Գիտե՞ք ինչ կա․ եթե աշխատում են ազգի ճշմարտության համար, գոհ կմնամ, այո, կյանքում, քանի որ ես ամեն ինչից քաջ տեղյակ եմ և բոլորին մանրակրկիտ լավ ճանաչում եմ։ Կճուճն ասում է՝ ոսկի է իմ տակը, շերեփն ասում է՝ ես որտեղի՞ց եմ գալիս»։

Իսկ շարունակո՞ւմ է աղոթել Սերժ Սարգսյանի համար:

«Ես Սերժ Ազատիչին միշտ ասել եմ՝ կյանք, սիրում եմ ես քեզ։ Ահա, Սերժ Ազատիչ, Դուք Ղարաբաղի դիրքերում կռված մարդ էիք, բայց կողքինները շահագործել են Ձեր համեստությունը և հարստացել են Ձեր համեստության հաշվին, բայց ոչ բոլորը։ Ինչպե՞ս չխոսել Շարմազանովի մասին, որ նույն հայրենասերն է, ինչպես և ես, Էդիկ Շարմազանովը, սիրում եմ նրան»։

Աղբյուր՝ hraparak.am

Կիսվել