«Առանց իմ բալիկի կյանքիս 22 տարին շատ անհետաքրքիր են եղել»․ Մարի Պետրոսյանը՝ 3 ամսական որդու և նրա խնամքի մասին. ֆոտո
«Առանց իմ բալիկի կյանքիս 22 տարին շատ անհետաքրքիր են եղել»։ «Ազիզյանները» սիթքոմից հեռուստադիտողներին հայտնի դարձած 22-ամյա Մարի Պետրոսյանն ամիսներ առաջ մայրիկ դարձավ։ Մայրանալուց հետո դերասանուհին առաջին անգամ զրուցել է Tert.am Life-ի հետ և պատմել բալիկի խնամքի, եթեր վերադառնալու և հետագա ծրագրերի մասին։
«Մինչև երեխայիս մեկ տարեկան դառնալը հաստատ չեմ մտածի աշխատանքի մասին, որովհետև երեխայի ամբողջ խնամքով ես եմ զբաղվում։ Քանի որ դեռ փոքրիկ է, իր խնամքը ուրիշին չեմ վստահի: Որոշել եմ մինչև իր մեկ տարեկանը լրանալն ամբողջությամբ ինքս զբաղվել իրենով և աշխատանքի մասին չմտածել»,- ասաց Մարին։
Եթեր վերադառնալու մտադրություն դերասանուհին, ամեն դեպքում, ունի, սակայն ասում է, որ ուզում է իրեն նոր կերպարով և նոր ձևաչափում փորձել:
«Երեխայի՝ մի քիչ մեծանալուց հետո, անպայման, կմտածեմ աշխատանքի մասին: Եթե լինի նախագիծ, մեծ սիրով կնկարահանվեմ, բալիկիս խնամքի համար արդեն կմտածեմ դայակի մասին, սակայն դա փավելի ուշ։ Երբ ժամանակը գա, տարբերակներ կմտածեմ: Կարծում եմ՝ կարելի է համատեղել կարիերան երեխայի խնամքի հետ»,- ասաց նա:
Կրկին եթերում հայտնվելու մասին Մարին հստակ պատկերացումներ ունի՝ պետք է նախորդից տարբերվող կերպար լինի:
«Վերադարձս պետք է շատ հետաքրքիր և նոր լինի: Եթե կրկնվող ինչ-որ բան զգամ, առաջարկը չեմ ընդունի։ Ինձ ստիպող որևէ բան չկա, որ աշխատեմ, այդ թվում՝ գումարը։ Չեմ ցանկանա հաջորդը ևս սիթքոմ լինի, չեմ կարծում, որ կրկին հանդես կգամ սիթքոմում, չնայած ամեն բան կախված է կերպարից։ Եթե դադարից հետո պետք է կրկնվեմ, ավելի լավ է ընդհանրապես եթերում չլինեմ։ Իհարկե, շատ եմ ցանկանում, որ լինի այնպիսի առաջարկ, որին համաձայնություն կտամ առանց մտածելու և հետաքրքրությամբ կսկսեմ նկարահանվել»,- նշեց դերասանուհին։
Մարիի խոսքով՝ հիմա իր առօրյան ամբողջությամբ նվիրում է 3 ամսական որդուն ․ «Հիմա միայն երեխան, նրա հետ զբաղմունքները, նրան մեծացնելն են կազմում օրս: Եթե անկեղծ, ուրիշ որևէ բանի մասին չեմ էլ ուզում մտածել: Միայն երեխայիս մասին եմ մտածում, չնայած երբեմն պահ է գալիս, հոգնում ես առօրյայից՝ ուզում ես դուրս գալ, աշխատել, բայց հիմա, ինչպես ասում են, հետծննդաբերական դեպրեսիայի մեջ եմ: Այս պահի դրությամբ ընդհանրապես պատրաստ չեմ ակտիվ աշխատանքի վերադառնալ»։
Դերասանուհին ժպիտով նշեց, որ չնայած գերծանրաբեռնվածությանը՝ զգաղվածությունն իր համար անչափ հաճելի է․ «Զբաղվածությանս մասին ուղղակի չեմ կարող խոսել, որովհետև չես էլ նկատում, թե օրդ երբ, ինչպես է սկսվում և ինչպես ավարտվում: Ամեն վայրկյանը երեխան է թելադրում՝ ինչ ու ինչպես անես, որտեղից սկսես, որտեղ ավարտես։
Մինչև իր քնելը հոգնածություն չեմ զգում, բայց հենց պառկում եմ, զգում եմ, որ վերջ՝ սպառված եմ։ Իհարկե, երբ երեխայիս ժպիտը տեսնում եմ, աշխարհին բոլորովին այլ անկյունից եմ նայում, միայն լավն եմ տեսնում։ Հետաքրքիր է, բայց շնորհիվ երեխայիցս ստացած էներգիայի նախկինում եղած բացասական ոչ մի բան հիմա ինձ վրա չի ազդում,- ասաց Մարին ու ծիծաղելով հավելեց,- ասում են՝ շատ եմ բարիացել»։
Զրույցի վերջում դերասանուհին ցանկացավ ավելացնել․ «Ես հասկացել եմ, որ առանց իմ բալիկի կյանքիս 22 տարին շատ անհետաքրքիր են եղել՝ իմ օրը, կյանքն ու առհասարակ, ամեն ինչ փոխվել է իմ բալիկի ժպիտով, և ես հոգեպես լցվել եմ, բալիկովս ինձ լիարժեք լավ մարդ եմ զգում։ Բոլոր աղջիկներին, անկեղծ, ցանկանում եմ զգալ մայրիկ լինելու այս երջանկությունը»։
Աղբյուր՝ tert.am