Ցավում ենք, որ փողոցային վեճում զոհվածների ընտանիքներին գնահատում են, մեզ՝ ոչ. կառավարությունն այդպես էլ չարձագանքեց
Ցավում ենք, որ փողոցային վեճում զոհվածների ընտանիքներին գնահատում են, մեզ՝ ոչ։ Սեպտեմբերի 11-ից մենք դիմում ենք ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, 19-ին հանդիպում ենք ունեցել կառավարության շենքի դիմաց և ակնկալում էինք, որ կզանգեն կամ հարցին լուծում կտան, կամ ընդունելություն կլինի, սակայն մինչև օրս ոչ մի արձագանք չի եղել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Զինվորի Մայր» հ/կ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:
Մարգարիտա Խաչատրյանի խոսքով՝ իրենք ուզում են, որ օրենսդրական դաշտում փոփոխություն լինի և ցանկանում են, որ զոհված զինծառայողների ընտանիքները ուշադրության կենտրոնում լինեն, ինչի համար ամեն ինչի պատրաստ են:
«Մենք ամեն ինչ կտանք, թող 15 րոպեով հետ տան մեր որդիներին, մեր ամուսիններին, որ մենք բարեկեցիկ կյանքով ապրենք: Մենք ցավում ենք, որ փողոցային վեճերի ժամանակ զոհվածների ընտանիքներին գնահատում են, իսկ մեզ չեն գնահատում ու չեն արձագանքում մեր դիմումներին»,- ասաց նա և հավելեց, որ ինքը մինչև վերջ գնալու է և պայքարելու է:
«Զինվորի Մայր» հ/կ նախագահը նշեց, որ եթե ապահով ընտանիքներին 30 մլն դրամ են հատկացնում, պետք է նաև ոչ ապահով ընտանիքներին էլ ուշադրություն դարձնեն: Նաև նշեց, որ իրենք բողոքել են նաև նախկին իշխանությունների ժամանակ:
«Իշխանություն է փոխվել, բայց ես նույն տիկին Մարգարիտան եմ մնացել, ես գրկից գիրկ չեմ գնացել, ոչ էլ կուսակցության անդամ եմ դարձել»,- ասաց նա և հավելեց, որ վարչապետը պարտավոր է սևազգեստ մայրերի խնդիրները վեր հանել և լուծել:
«Խորհուրդ կտամ այն մարդկանց, ովքեր իմ սև շորերը չեն հարգում և գրկից գիրկ են գնում՝ կաշառք տալով, թող տիկին Մարգարիտայի նկարի հետ չհամեմատվեն: Ես թուրքի կին չեմ, ապարանցու կին եմ, Ապարան թուրք չի մտել, ես թուրքի ավելցած չեմ եղել»,- ասաց նա:
Աղբյուր՝ tert.am