Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում ապրող երիտասարդ կնոջ աչքերից բյուրեղներ են թափվում․ Տեսանյութ
Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում ապրող երիտասարդ կնոջ աչքերից բյուրեղներ են թափվում: Այն, ինչ կատարվում է Սաթենիկի հետ, անհավատալի է: Բացառիկ երևույթը ֆիքսել է մեր տեսախցիկը:
Միքայելյանների տանն ամենից շատ մեր նկարահանող խմբին Սաթենիկն էր սպասում: Աչքի մեջ գոյացած կարծր բյուրեղները ամբողջ գիշեր ու մինչև կեսօր չէին հեռացրել, որպեսզի մեր ներկայությամբ աչք ծակող մանր ու մեծ բյուրեղները հանվեին կնոջ աչքից: Այն, ինչն անհավանական ու անհավատալի էր թվում անգամ մեզ, հենց այդ պահին ու տեսախցիկի առջև իրական բացահայտում դարձավ:
Աչքի անհանգստացնող ծակոցներին Սաթենիկը սկզբում ուշադրություն չի դարձրել, մտածել է` գյուղի գործերի մեջ, հողային աշխատանքների ժամանակ ինչ-որ բան է ընկել աչքի մեջ, բայց չդադարող ցավերը ստիպել են սկեսրոջը ուշադիր զննել աղջկա աչքը: Այն, ինչ տեսել է, շոկի է ենթարկել նրան:
Եզակի երևույթը հիմա արդեն քննարկման առարկա է դարձել ողջ գյուղում, ու միայն համագյուղացիներն են, որ հավատում են իրենց տեսածին: Աչքից հանված գունավոր բյուրեղները իրենց հետ տարել են` որպես զարմանահրաշ երևույթի ապացույց: Սաթենիկի ու ընտանիքի համար կատարվածը հիմա արդեն սովորական բան է, հետաքրքիրն այն է, որ բյուրեղները գիշերը քնած ժամանակ ցավեր չեն առաջացնում: Դրանք ոչ միայն կարծր են, այլև բավական սուր: Համոզվեցինք նաև դրանում:
Ֆենոմենալ դեպքը, որքան որ զարմանալի է, այնքան էլ անհանգստացնում է Միքայելյանների ընտանիքին, որոնք Սաթենիկի առողջությամբ են մտահոգված: Ինչի հետևանքով են առաջանում բյուրեղները և ինչ բաղադրության են, փորձել են հասկանալ դիմելով ակնաբույժներին: Բժիշկներ եղել են, որ անլուրջ պատմություն են համարել կամ երևակայության արդյունք, մի երկու ակնաբույժ էլ հետազոտել են Սաթենիկին, բայց ախտորոշել չեն կարողացել, ասել են՝ բժշկագիտությանը անհայտ երևույթ է:
«Գյումրի» բժշկական կենտրոնի ակնաբույժը դեղորայք է նշանակել, Սաթենիկը 5 օր օգտագործել է, այդ ընթացքում աչքի մեջ բյուրեղներ չեն առաջացել: Բայց կնոջ ինքնազգացողությունն է կտրուկ վատացել: Ստիպված հրաժարվել է, ցավերը հանգստացնող միակ տարբերակը բյուրեղյա արցունքները աչքից դուրս բերելն է: Մեր նկարահանման 2 ժամերի ընթացքում, երբ նաև Սաթենիկը սկսեց տնամերձում հողի գործ անել, նորից սկսեցին նույն երևույթները տեղի ունենալ: Բյուրեղներն անպայման հեռացնել էր պետք, որ ցավերը չուժեղանային:
Դրանցից նմուշներ առողջապահության փոխնախարարն է ուղարկել հետազոտման: Երկու շաբաթ է անցել, Միքայելյանները սպասում են պատասխանի: Տիկին Զեմֆիրայի համար հարսի առողջությունը շատ թանկ է, ասում է` տղան առաջին կարգի հաշմանդամ է, աշխատանք չունի: Որդու ընտանիքում հիմնական աշխատող ձեռքը հարսն է, խնամքին էլ 5,5-ամյա փոքրիկ ունեն:
Երևույթը բացառիկ ու եզակի է Հայաստանում: Աշխարհում նման եզակի մարդկանց թիվը հինգն է: Մեկն աֆրիկյան պետություններից մեկում է ապրում: Հասնա անունով աղջկա մոտ այդ արտառոց երևույթը 12 տարեկանից է ի հայտ եկել` նրա արցունքի բյուրեղները ալմաստներ են:
Իսկ Եմենի գյուղերից մեկում ապրող աղջկա աչքերից սև քարեր են թափվում: Մյուս դեպքն էլ Բրազիլիայում է: 35-ամյա կնոջ աչքերում ոչ թե բյուրեղներ, այլ խոշոր ու ավելի խիտ բաղադրությամբ նյութ է առաջանում:
Աղբյուր՝ shantnews.am