Երևանում ոստիկանները ծաղիկներ և փուչիկներ են բաժանել դպրոցականներին (Տեսանյութ)
Երևանում ոստիկանները ծաղիկներ և փուչիկներ են բաժանել դպրոցականներին։
Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ գիտելիքի և դպրության օրը: Առաջին դասարանցիները շտապում են դպրոց՝ հանդիպելու և ծանոթանալու ուսուցիչների ու դասընկերների հետ:
Օրը տոնական է: Բոլորը շնորհավորում են միմյանց: Ոստիկանները նույնպես պատրաստված են՝ զինված ծաղիկներով, փուչիկներով: Նրանք պատրաստ են ու պատրաստակամ առաջիկա օրերին անել ամեն ինչ, որպեսզի տոնը տոն մնա:
Բոլորի, նաև մեր երեխաների անվտանգությունը ապահովում է ոստիկանությունը:
Ապահովում է միշտ, բայց սեպտեմբերի առաջին օրերին ոստիկանության հատուկ աշխատանքն արդեն ավանդական է դարձել: Հանգստի անհոգ օրերից հետո հատկապես երեխաները դեռ չեն հարմարվել, չեն ադապտացվել քաղաքի ռիթմին, դրա համար ժամանակ է պետք:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով՝ գրեթե ողջ համակարգն այսօրվանից մեկ ամսով անցել է ուժեղացված ծառայության:
Բոլոր ուսումնական հաստատությունների մոտ կլինեն ճանապարհային ոստիկաններ, պարեկապահակետային ծառայողներ, դպրոցական ու անչափահասների գծով տեսուչներ, օպերլիազորներ ու համայնքային ոստիկաններ:
Նպատակը՝ մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է:
Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, ուսանողներ ու դասախոսներ, շնորհավորում ենք ամենապայծառ տոներից մեկի՝ գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Մաղթում ենք արդյունավետ դասաժամեր, գիտելիքի մեծ պաշար և իհարկե՝ անվտանգ ու ապահով օրեր: