Մամուլ

Գյումրիի աղբանոցում հայտնաբերված երեխայի մայրը ցանկացել է նրան մանկատուն հանձնել

Գյումրիի աղբանոցում հայտնաբերված երեխայի մայրը ցանկացել է նրան մանկատուն հանձնել։ Մայրը օգոստոսի 15-ին դիմել էր Շիրակի մարզպետարան, որպեսզի  երեխային մանկատուն հանձնի`այն պատճառաբանությամբ, որ չի կարողանում պահել երեխային, քանի որ ամուսին, ծնողներ և մասնագիտություն չունի։

Շիրակի մարզպետարանում առաջարկել են օգնել նրան սննդով, հագուստով, նույնիսկ` ֆինանսապես, մորն առաջարկել են նաև  երեխային  մանկապարտեզի մսուրային խումբ տեղավորել ու աշխատանքով ապահովել: Այս մասին նշեց Շիրակի մարզպետարանի «Ընտանիքի, կանանց և երեխաների» բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը:

«Մենք ասացինք, եթե քո  բոլոր հարցերը լուծենք դու կհրաժարվե՞ս երեխայիդ մանկատուն տալու որոշումից, մայրն ասաց՝  այո, շատ շնորհակալ կլինեմ, այդ դեպքում երեխայիս ոչ մեկին չեմ տա»,-պատմեց Գորգինյանը և հավելեց, որ կապը պահպանելու համար հեռախոսահամարներ են փոխանակել, պայմանավորվել`ցանկացած խնդրի դեպքում հեռախոսով զրուցել։

«Ինքը շատ գոհ էր, որ երեխան մնալու է իր հետ, բայց հաջորդ օրը զանգեց, ասաց, որ ուզում է խոսել: Այդ ժամանակ մենք արդեն նաև տեղյակ ենք պահել ՀՀ Ոստիկանության «Մուշ»-ի բաժնի աշխատակիցներին, ու երբ մայրը կրկին երեխայի հետ եկավ մարզպետարան, մեր աշխատակիցների հետ հանդիպմանը ներկա էին  նաև ոստիկանության տեսուչները»,- նշեց պատասխանատուն:

Այս հանդիպման ժամանակ արդեն երիտասարդ մայրը ասել է, որ երեխային չի կարող պահել, քանի  որ ամուսնու հետ խնդիրներ ունի: Մարզպետարանից դեպքի մասին տեղեկացրել են նաև սոցիալական աջակցության  տարածքային բաժնին, որտեղ պարզել են, որ թեև  նա զագսավորված չի եղել, բայց ամուսինը երեխայի հայրությունը ճանաչել է: Սակայն մեկ ամիս է, ինչ կինը, ամուսնու հետ ունեցած խնդիրների պատճառով,  երեխային վերցրել, առանձնացել է ու վարձով է ապրում: Ի դեպ, բնակարանի ամսական վարձը 35 հազար դրամ է  կազմել: Սոցիալական աջակցության  տարածքային բաժնում առաջարկել են բնակարանի մի քանի ամսվա վարձը փոխհատուցել, բայց նա հրաժարվել է:

«Մենք  անմիջապես զանգել ենք ամուսնուն, վերջինս  խոստացել է խոսել կնոջ հետ: Միևնույն ժամանակ, անձամբ խոսել եմ այդ կնոջ տատիկի հետ, ով նրա ծնողների մահից հետո եղել է նրա ու եղբայրների խնամակալը, պահել ու մեծացրել նրանց: Տատը մեր հետ զրույցում վստահեցրեց ՝ սոցիալական որևէ  խնդիր չկա, «ամուսնու տանից գնալուց առաջ նա իր հետ իր ոսկեղենն էլ է վերցրել, իսկ ամուսնու հարազատները շատ պարկեշտ մարդիկ  են, ու եթե, այսքանից հետո, իր թոռը «քարը փեշերից թափի» ու վերադառնա, նրան նորից հետ կընդունեն, ու  էդ երեխային կպահեն» և հորդորեց, որ չթողնենք թոռանը երեխային մանկատուն հանձնի»,-պատմում է Գորգինյանը:

Այնուամենայինիվ, քանի որ աղջիկը պնդել է`երեխային ուզում է մանկատուն հանձնել, մարզպետարանում նրան ներկայացրել են երեխային մանկատուն հանձնելու ընթացակարգը, համաձայն որի` անհրաժեշտ է, որ երեխայի ծնողները` և՛ հայրը, և՛ մայրը գրավոր հրաժարվեն նրանից։

«Դրանից հետո նա հրաժարվեց գրավոր դիմում ներկայացնել և կրկին որոշեց  չհրաժավել երեխայից»,- ասաց Գորգինյանը:

Մի քանի օր անց Անին կրկին զանգահարում է Լիլիթ Գորգինյանին և հայտնում, որ  ամուսինը խոսել է իր հետ և խոստացել լուծել երեխայի բոլոր խնդիրները: 

«Ասաց, որ ամեն ինչ  հարթվել է: Այդ ընթացքում մենք զանգել ենք,  հետաքրքրվել ենք, ու ինքն ասել է, որ ամեն ինչ արդեն լավ է։ Տասնօրյա ինտենսիվ կապ է եղել մոր հետ: Ինքը երեխայից հրաժարվելու գրավոր դիմում չի ներկայացրել, վերջում էլ շնորհակալություն է հայտնել, որ իր խնդիրը լուծվել է»,-նշեց Գորգինյանը և ընդգծեց, որ Անին շատ հավասարակշռված  տպավորություն է թողել, շատ լավ վիճակում եղել է նաև երեխան:

Հիշեցնենք, որ Գյումրիի Բուլվարային թաղամասի աղբանոցում օգոստոսի 31-ին 11 ամսական աղջիկ երեխայի դի էր հայտնաբերվել: Ժամը 19։00-ի սահմաններում Գյումրիի Շիրակացու փողոցում ոստիկանները հայտնաբերել են երեխայի մորը և նրան բերման ենթարկել ոստիկանության Մուշի բաժին: ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ սպանություն կատարելու կամ դրա  կատարման կասկածանքով հարուցվել  է քրեական գործ։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել նյութով