«Հայաստան գալն ինձ համար երազանք էր». Տապասիայի, Իչայի, Չակորի և մյուս հերոսների դերակատարները ժամանեցին Երևան (ֆոտո)
«Հայաստան գալն ինձ համար երազանք էր». Տապասիայի, Իչայի և մյուս հերոսների դերակատարները ժամանեցին Երևան։ Երկրպագուներն օդանավակայանում անհամբեր սպասում էին հնդիկ դերասանների Երևան ժամանելուն՝ քննարկելով, թե ով ինչպես է լուսանկարվելու և ինչ գիտի սիրելի աստղի մասին:
Tert.am Life-ը օդանավակայանում լուսանկարել ու զրուցել է հնդիկ դերասանների հետ:
«Մերժվածը» հեռուստասերիալում Իչայի դերակատար Թինա Դատտան առաջին անգամ է Հայաստանում։ Հարցին, թե ի՞նչ գիտի Հայաստանի ու հայերի մասին, նա ասաց. «Կարծում եմ, որ իմ երկրպագուներն այստեղ շատ են և նկատեցի, որ նրանք եկել են իմ լուսանկարով շապիկներ հագած: Ես իսկապես անչափ ուրախ եմ այստեղ տեսնել իմ հայ լսարանի երկրպագուներին: Գիտեմ, որ հայերը շատ բարի են, դա էլ է այն պատճառներից մեկը, որ ես այսօր Հայաստանում եմ»:
Տապասիայի դերակատար Ռաշամի Դեսային ևս առաջին անգամ է Հայաստանում։ Նրա խոսքով՝ շատ բան է ուզում հասցնել անել:
«Շատ եմ լսել Հայաստանի մասին և գիտեմ, որ շատ հյուրընկալ ժողովուրդ եք: Քիչ առաջ եմ իջել, դեռ չգիտեմ հայերեն բառեր, բայց կասեմ «Բարև»»,- չնայած հոգնածությանը՝ ժպտալով ասաց դերասանուհին:
Վերջինս Հայաստանի մասին առաջին անգամ լսել է Հնդկաստանում, երբ Վարդան Սարգսյանն իրենց մասին հաղորդում էր պատրաստում. «Վերջապես Հայաստանում եմ: Հույս ունեմ, որ բոլորդ ներկա կլինեք վաղը կայանալիք համերգին և բոլորով անմոռանալի ժամանակ կանցկացնենք»։
Հարցին՝ նախկինում կպատկերացնե՞ր, որ հայտնի կլինի Հայաստանում, նա պատասխանեց. «Ես երբեք չէի պատկերացնի, որ Հայաստանում այսքան շատ երկրպագու ունեմ, իհարկե, Հայաստան գալն ինձ համար երազանք էր: Շնորհակալ եմ որ բոլորդ այստեղ եք, շնորհակալ եմ նաև նվերների համար»: Երկրպագուները դերասաններին ուղեկցեցին մինչև ավտոմեքենա:
Հայաստան են ժամանել նաև Սպանդան Չատուրվեդիին (Չակոր), Գաուրավ Չոպրային, Վիջաենդրա Կումերիային, Մրունալ Ջայինին: Նրանք հայ հանդիսատեսի համար ելույթ կունենան վաղը՝ հուլիսի 4-ին:
Աղբյուր՝ tert.am