ՄամուլՏեսանյութ

«Մեր ձեռքը չի դողա, ովքեր կփորձեն ՀՀ-ում վերածնել բռնության գործելակերպը». Փաշինյան

«Մեր ձեռքը չի դողա, ովքեր կփորձեն ՀՀ-ում վերածնել բռնության գործելակերպը»: Ոստիկանության զորքերի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն: Շնորհավորելով Ոստիկանության զորեքերին տոնական օրվա առթիվ՝ վարչապետը նշել է.

«Այն հարցը, թե վերջին մեկ տարում ի՞նչ է փոխվել Հայաստանի Հանրապետությունում, ունի շատ կոնկրետ պատասխան նաև Ոստիկանության զորքերում: Արդեն գրեթե մեկ տարի Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը մարտական հերթապահություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության  քաղաքացիների անդորրը, անվտանգությունը՝ շոշափելի ու կարևոր աջակցություն ցուցաբերելով Հայաստանի Հանրապետության բանակին:

Ես այս տոնական օրը նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ոստիկանության զորքերի այն ծառայողներին, ովքեր կամավոր հիմունքներով նվիրվել են հայրենիքի սահմանների պաշտպանությանը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև այդ զինծառայողների ընտանիքների անդամներին, ովքեր աջակցել են նրանց այդ որոշմանը և սատար են կանգնել նրանց:

Ոստիկանության զորքերը Հայաստանի Հանրապետության արտաքին սահմանների պաշտպանության գործին ներգրավվելու որոշումն արտահայտում է մեր պատկերացումը Հայաստանի Հանրապետության ոչ միայն արտաքին, այլև ներքին անվտանգության վերաբերյալ»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության պաշտպանության գործում  քաղաքացիները, հայ ժողովուրդը պետք է լինեն միասնական և միահամուռ:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգության վերաբերյալ պատկերացումը նույնպես կապված է սրա հետ, որովհետև Ոստիկանության զորքերը կոչված են Հայաստանի Հանրապետության ներսում բռնության որևէ դրսևորում կանխարգելելու համար:

Գործադիրիղեկավարը նշել է, որ Ոստիկանության զորքերն ուղարկելով հայրենիքի սահմանները պաշտպանելու, կառավարությունն արտահայտում է իր պատկերացումը Հայաստանի Հանրապետության ներքին հարաբերությունների մասին, որ մեր երկրում պետք է լինի բռնությունից զերծ հանրություն, մի հանրություն, որտեղ տեղ չունեն բռնություններով հարցեր լուծելու որևէ մտայնություն, որևէ փորձ, որևէ քարոզչություն:

«Եվ այս պատկերացումը մենք ամեն օր հետևողական աշխատանքով կյանքի ենք կոչում և կյանքի ենք կոչելու: Բայց այս դեպքում էլ կարծես Հայաստանի Հանրապետությունում սիրո և համերաշխության մթնոլորտ ձևավորելու մեր անմնացորդ ձգտումը ոմանք կարծես փորձ են անում մեկնաբանել որպես թուլություն:

Եվ այսօր այստեղ ուզում եմ հստակ հայտարարել, որ որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, թե Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկչոտության որևէ դրսևորում կունենա կամ կամքի որևէ պակաս կունենա Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքը, ինքնիշխանությունը, ՀՀ քաղաքացիների ազատությունը, ժողովրդավարությունը պաշտպանելու գործում:

Մեր կամքը չի սասանվի և մեր ձեռքը չի դողա բոլոր նրանց հետ հարաբերություններում, ովքեր կփորձեն Հայաստանի Հանրապետությունում վերածնել բռնության քարոզչությունը և բռնության գործելակերպը:

Մեր ձեռքը չի դողա, մեր կամքը չի սասանվի»,- ասել է վարչապետը:

Առավել մանրամասն՝ Bavnews.am-ի տեսանյութում

Կիսվել