Սամվել Ալեքսանյանի կողմից Ղուշչյանին առևանգելու հայտարարության հիման վրա հարուցվեց քրգործ
Սամվել Ալեքսանյանի կողմից Ղուշչյանին առևանգելու հայտարարության հիման վրա հարուցվեց քրգործ
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից հեռուստամեկնաբան Համլետ Ղուշչյանի՝ իրեն առեւանգելու վերաբերյալ հայտարարության հիման վրա ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։
Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին Ոստիկանության լրատվական բաժնից։ Գործը հարուցվել է 29. 03. 2019 թ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 1-ին մասով, եւ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ մարդուն առեւանգելը, որն ուղեկցվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով։
Գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության։
Հիշեցնենք, որ Ղուշչյանը հայտարարել էր, որ Աժ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը առևանգել է իրեն և ատրճանակը պահել ճակատին. «էդ տականքն ով է, որ ծեծի, ուղղակի ինձ գողացել, առևանգել, տարել են գիշերով և ատրճանակը գլխիս դրել են ու ասել են՝ կասես էն, ինչ քեզ կասենք։
Ես էդ բոլորի միջով անցել եմ, ես մահվան աչքերին եմ նայել, ասել եմ՝ կրակի, արա, որ բերել ես կրակի, որովհետև հետո Աստված քեզ պատժելու է, եթե ոչ մեկն էլ չպատժի»,- նշել էր Համլետ Ղուշչյանը:
Մարտի 4-ին դատախազությունը հայտարարել էր, որ Համլետ Ղուշչյանի հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներն ուղարկել են ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն՝ դրանցում ներկայացված հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ։
Աղբյուր՝ pastinfo.am