ՊԵԿ-ը կանխել է «ափիոն» տեսակի թմրամիջոցի տեղափոխման աննախադեպ փորձը․ երկու իրանցի կալանավորված են
ՊԵԿ-ը կանխել է «ափիոն» տեսակի թմրամիջոցի տեղափոխման աննախադեպ փորձը: Փոստային ծանրոցներում հայտնաբերվել է թմրանյութով ներծծված հագուստ:
Պետական եկամուտների կոմիտեի և «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցները«Կարգո» բեռնային համալիրում զննման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու անունից Հայաստանից Կանադա արտահանվող՝ հագուստի 25 կգ քաշով ծանրոցը: Մաքսային ծառայողները պատռել են կասկածելի հագուստը և պարզել, որ դրանցում առկա թաղիքները ներծծված են «ափիոն» տեսակի թմրամիջոցով:
Հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջորդ օրը ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի և օպերատիվ-հետախուզության բաժնի աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանի անցակետից բերման են ենթարկել ծանրոցը Կանադա ուղարկող Իրանի քաղաքացի Ռ.Ա-ին: Զվարթնոց օդանավակայանի մոտակայքից էլ հայտնաբերվել և բերման է ենթարկվել դեպքի հետ առնչություն ունեցող Իրանի մեկ այլ քաղաքացի՝ Ս.Ե-ն:
ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն: ԻԻՀ երկու քաղաքացիները կալանավորված են: