Ֆինանսների նախկին նախարար Խաչատրյանի Ծաղկաձորի կալվածքը` հատուկ պահպանվող տարածքում (տեսանյութ)
Ծաղկաձոր քաղաքի 12 հա անտառային տարածքի վրա տեղակայված են Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող շինությունները։ Կառուցապատված մասը` շուրջ 2,5 հա-ը, Խաչատրյանների սեփականությունն է, իսկ 9,5 հա անտառը 50 տարով վարձակալել են «Հայանտառից»: Տարածքի սեփականատերերն են Գագիկ Խաչատրյանի կինը՝ Լաուրա Եփրեմյանը եւ դուստրը` Անժելա Խաչատրյանը:
Առանձնատունն ու կից շինությունները կառուցված են հատուկ պահպանվող տարածքում: Այն նախատեսված է հանգստի համար: Հողային օրենսգիրքը նմանատիպ տարածքները բնութագրում է որպես հասարակական նշանակություն ունեցող գոտի, այլ ոչ թե մասնավոր անձին սպասարկող տարածք:
Մեր նկարահանման պահին այստեղ առանց շինթույլտվության նոր շինություն էր կառուցվում։ Ծաղկաձորի քաղաքապետին ուղղված հարցումից հետո քաղաքապետարանը 200 հազար դրամով տուգանել է Խաչատրյաններին։
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի հարեւանությամբ գտնվող այս առանձնատունն ու կառույցները ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին են պատկանում:
Համաձայն կադաստրային փաստաթղթերի` 2016թ. սեպտեմբերից Խաչիկ Մուրադյան փողոցի թիվ 20 հասցեում գտնվող 0.5 հա հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Անժելա Խաչատրյանին: 22-ամյա Անժելա Խաչատրյանը Գագիկ Խաչատրյանի դուստրն է: Իսկ դրանից առաջ այն պատկանել է Հայկ Խաչատրյանին: Վերջինս էլ Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդին է: Ավելի քան 2 հա տարածք էլ` Խաչիկ Մուրադյան 18 հասցեի ներքո, սեփականության իրավունքով պատկանում է Գագիկ Խաչատրյանի կնոջը` Լաուրա Եփրեմյանին:
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն Խաչիկ Մուրադյան 20 հասցեն գրանցելիս նշել է՝ «հատուկ պահպանվող տարածք» և «հանգստի համար նախատեսված»: Ծաղկաձոր համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանը, պատասխանելով մեր գրավոր հարցմանը, հստակեցրել է, թե ինչ է նշանակում հատուկ պահպանվող տարածք և ինչ գործունեություն կարելի է այնտեղ ծավալել:
Քաղաքապետը հայտնել է, որ Խաչիկ Մուրադյան փողոցի թիվ 20 հասցեի տարածքը համարվում է հատուկ պահպանվող, հանգստի համար նախատեսված հողատարածք, որը, համաձայն «Հողային օրենսգրքի» 22-րդ հոդվածի 2-րդ կետի, կարող է կառուցապատվել հանգստյան տներով, պանսիոնատներով, ֆիզիկական դաստիարակության և սպորտի օբյեկտներով, զբոսաշրջության բազաներով, մշտական ու վրանային, ձկնորսական և որսորդական տնակներով, մանկական զբոսաշրջիկ կայաններով, զբոսաշրջիկ պարկերով, անտառապարկերով, ուսումնազբոսաշրջային արահետներով, մանկական ու սպորտային ճամբարների տեղանշված անցուղիներով և նմանօրինակ այլ օբյեկտներով: