Երգչուհին մտրակի 74 հարվածի է ենթարկվել․ ինչն է պատճառը
Իրանցի երգչուհին և նրա ստեղծագործական թիմի չորս անդամներ ստացել են 74-ական մտրակի հարված՝ «համացանցում անպարկեշտ և անբարոյական բովանդակություն արտադրելու և հրապարակելու միջոցով հասարակական բարոյականությունը վիրավորելու» մեղադրանքով դատապարտվելուց հետո։ Այս մասին հայտնել է «The Guardian»-ը՝ հղում անելով իրանական լրատվական կայքին։
Ըստ աղբյուրի՝ փաստաբան Մոստաֆա Նիլին հայտնել է, որ Պարասթու Ահմադին և մյուս չորս անձինք նաև դատապարտվել են ստեղծագործական և երաժշտական գործունեությամբ զբաղվելու, ինչպես նաև երկրից դուրս գալու երկու տարվա արգելքի:
Նորվեգիայում գործող «Hengaw» իրավապաշտպան խմբի տվյալներով՝ գործը հարուցվել էր 2024 թվականի դեկտեմբերին YouTube-ում տեսահոլովակի հրապարակումից հետո, որտեղ Ահմադին մայրաքաղաք Թեհրանից հարավ գտնվող Ղոմ քաղաքում տղամարդ երաժիշտների ուղեկցությամբ առանց հիջաբի ելույթ էր ունենում:
Արևմտյան կառավարություններն ու իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են մտրակահարությունը՝ այն որակելով որպես խոշտանգում և միջազգային իրավունքի խախտում:
Իրանը հերքում է մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ մեղադրանքները՝ նշելով, որ արևմտյան երկրները պետք է կենտրոնանան մարդու իրավունքների հետ կապված իրենց սեփական խնդիրների վրա:


