Խոշոր շղթայական ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում․ վնասվել է նաև ավտոպահեստամասերի խանութը
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում շղթայական ավտովթար է տեղի ունեցել։
Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայում՝ «Պիոներ» օրիգինալ ավտոպահեստամասերի խանութի դիմաց բախվել են «Mersedes G», «Changan», «BYD» և «Leopard» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոպահեստամասերի խանութին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր, ըստ տեղեկությունների, մեկ հոգու անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տեղում բուժօգնություն ստացած քաղաքացու, ինչպես նաև տուժած՝ ավտոպահեստամասերի սրահի տիրոջ ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Mercedes G»-ն կայանված է եղել ավտոպահեստամասերի սրահում՝ թույլատրելի հատվածում, կայանված է եղել նաև «Changan»-ը։ Բախումը տեղի է ունեցել «BYD»-ի և «Leopard»-ի միջև։





