Կբարձրանան 2-րդ շարքում կայանելու և մինչև 12 տարեկան երեխաների տեղափոխման կանոնների խախտման համար տուգանքները
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծ, որով առաջարկվում է բարձրացնել մի շարք խախտումների համար սահմանված տուգանքների չափերը։ Խոսքը, մասնավորապես, երկրորդ շարքում կայանելու, տրանսպորտային միջոցի տարհանման, մինչև 12 տարեկան երեխաների տեղափոխման կանոնների խախտումների և այլ դեպքերի մասին է։
Նախագիծն ընդունվեց 63 կողմ, 28 դեմ և 1 ձեռնպահ ձայներով։
Ըստ նախագծի՝ նախատեսվում են հետևյալ տուգանքները․
- «Մուտքն արգելվում է» կամ «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» նշանների պահանջները խախտելու համար՝ 20 հազար դրամ՝ արտոնություններով։
- «Կանգառն արգելվում է» նշանի պահանջները խախտելու համար՝ 20 հազար դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։
- Մեքենան երկրորդ կամ ավելի հեռու շարքում կայանելու համար՝ 20 հազար դրամ և 1 տուգանային միավոր։
- Տրանսպորտային միջոցը տարհանելու համար՝ 29 հազար դրամ և 1,5 տուգանային միավոր։
- Մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար՝ 20 հազար դրամ և 1 տուգանային միավոր։


