«Քիչ են արել, 4 ամիս առաջ Նիկոլին խորոված էին կերցնում»․ Աջափնյակցիները՝ խանութների քանդման մասին
Քաղաքապետարանի որոշմամբ՝ Աջափնյակ վարչական շրջանի Շինարարներ փողոցում գտնվող շինությունները ապամոնտաժվում են։ ArmLur.am-ը տեղում հարցում է իրականացրել պարզելու, թե արդյոք քաղաքացիները գոհ են այդ որոշումից։
Զրույցի ընթացքում աջափնյակցիները նկատեցին, որ Փաշինյանն ամիսներ առաջ ապամոնտաժվող շինությունների հասցեներում էր, որտեղ վարչապետին խորովածով էին դիմավորում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ից Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցում մեկնարկել են կրպակների և խանութների ապամոնտաժման աշխատանքները։ Հոկտեմբերի 13-ին քանդման աշխատանքները շարունակվել են՝ չնայած կրպակատերերի բողոքներին։
Երևանի քաղաքապետարանի պարզաբանմամբ՝ տարածքը պետք է ազատվի կրպակներից՝ մայթերը բարեկարգելու և կանաչ գոտիներ ստեղծելու նպատակով։ Մինչդեռ կրպակների և խանութների սեփականատերերը պնդում են, որ ունեն սեփականության ու վարձակալության փաստաթղթեր, ինչպես նաև գործող թույլտվություններ, և դեմ են առանց իրենց իրավունքները հաշվի առնելու գույքի ապամոնտաժմանը։
Աջափնյակի վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանի խոսքով՝ չափագրումների արդյունքում պարզվել է, որ կառույցների մի մասը դուրս է գտնվում պայմանագրերով նախատեսված տարածքների սահմաններից։ Նա նաև հայտնել է, որ սեփականատերերի հետ կքննարկվի փոխհատուցման հարցը, իսկ վարձակալներին կօգնեն այլ տարածքներ գտնելու հարցում։
Կրպակատերերը, իրենց հերթին, մտահոգություն են հայտնել, որ քանդման հետևանքով կարող են զրկվել տարիների ընթացքում ստեղծած գույքից և ապրուստի միջոցից։ Վեճի առարկա է դարձել նաև դատարանի որոշումը, որով ժամանակավորապես արգելվել էր քանդել կրպակներից մեկը։
Տեսանյութը ստորև․


