Ինձ թույլ չտվեցին մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ պատճառաբանելով, որ իմ մուտքն այնտեղ արգելված է
Այսօր` հոկտեմբերի 14-ին, նախատեսում էի մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ վաղը կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը։
«Որպես ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ՝ պետք է մասնակցեի նիստի աշխատանքներին, որի օրակարգում ընդգրկված է 16 հարց։
Սակայն ինձ թույլ չտվեցին մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ պատճառաբանելով, որ իմ մուտքն այնտեղ արգելված է։
Թե ինչ պատճառով՝ հայտնի չէ։
Տարօրինակ և մտահոգիչ իրավիճակ է, երբ ազգային խորհրդարանական պատվիրակության անդամին թույլ չեն տալիս մեկնել միջազգային խորհրդարանական կազմակերպության կենտրոնակայան՝ իր պաշտոնական պարտականությունները կատարելու և հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար»,- գրել է նա։


