Արտառոց դեպք՝ Արմավիրի մարզում․ 32-ամյա տղամարդը հրացանnվ կրակել է 52-ամյա կնոջ շան վրա
Հոկտեմբերի 5-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժին է դիմել Արմավիրի մարզի բնակիչ 52-ամյա Հասմիկ Ծ․-ն և հայտնել, որ Ոսկեհատ գյուղի Նորվեգական փողոցում ինչ-որ մեկը կրակել է իր շանը, իսկ օրեր առաջ մյուս շունը ևս անհետացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ ժամը 18։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Մելքոն Ը․-ն իրեն պատկանող «Տիր» տեսակի օդաճնշիչ հրացանով կրակել և սատկացրել է Հասմիկ Ծ․-ին պատկանող՝ փողոցում թափառող շանը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից Մելքոն Ը․-ն ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ խոստովանել է իր կատարած արարքը և ներկայացրել «Տիր» տեսակի հրացանը։
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Մելքոն Ը․-ի և «Տիր» տեսակի հրացանի հետ միասին ներկայացվել են
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։


