Շենգավիթում «բառիգության» մեջ կասկածվողին ձերբակալել են թիվ 46 դպրոցի դիմաց. մանրամասներ դեպքից
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 17:00-ի սահմաններում իրավապահները Շենգավիթ վարչական շրջանի թիվ 46 ավագ դպրոցի դիմաց, հատուկ գործողության արդյունքում, ձերբակալել են թմրամիջոցների ապօրինի իրացման («բառիգության») մեջ կասկածվող երիտասարդի։ NEWS.am-ի ձեռքի տակ հայտնված կադրերում երևում է, որ կասկածյալին վնասազերծում են՝ ձեռքերին գոտի կապելով.
«Բառիգին բա ի՞նչ ա հասնում, արա՛, ու՞մ էրեխեքին ես փչացնում, արա՛… ստեղ հավաքված ժողովուրդի պիտի հերձի քեզ»,- լսվում է տեսանյութում:
NEWS.am-ին ահազանգած տարածքի բնակիչները հայտնում են, որ սա առաջին դեպքը չէ, երբ այս հատվածում ձերբակալում են թմրանյութ տարածողների կամ «տեղադրողների»։ Նրանց խոսքով՝ իրավիճակը գնալով ավելի մտահոգիչ է դառնում. նմանատիպ դեպքերը ոչ միայն չեն նվազում, այլև ցավալիորեն աճում են՝ անմիջական սպառնալիք ստեղծելով ուսումնական հաստատության և դպրոցահասակ երեխաների անվտանգության համար։
«Ամենացավալին այն է, որ այս ամենը տեղի է ունենում դպրոցի քթի տակ։ Մենք պարբերաբար տեսնում ենք կասկածելի անձանց (գիշեր-ցերեկ), ու չնայած իրավապահները ժամանակ առ ժամանակ ուժեղացված ծառայություն են իրականացնում այս տարածքում, խնդիրը չի լուծվում»,— նշում են տեղի բնակիչները։


