Մամուլ

Դպրոցականների բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 160 մարդ

Ֆրանսիայում ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվածների թիվը գերազանցել է 160-ը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Փարիզի տարածաշրջանում ավագ դպրոցների աշակերտներն արդեն մեկ շաբաթ է՝ իրենց ուսումնական հաստատությունների մոտ բողոքի ակցիաներ են անցկացնում։ Նրանք դժգոհում են դասացուցակի ծանրաբեռնվածությունից, ուսուցիչների պակասից և կրթության ոլորտում առկա այլ խնդիրներից։ Որոշ դեպքերում ցույցերն ուղեկցվում են անկարգություններով, հրկիզումներով և ոստիկանության հետ բախումներով։

«Այսօր ձերբակալությունների թիվը մեծ է՝ 164»,- BFMTV հեռուստաալիքի եթերում ասել է ՆԳ նախարարը։

Նունյեսի խոսքով՝ բողոքի ակցիաներն ընդգրկել են շուրջ 180 ուսումնական հաստատություն, որոնց մեծ մասը գտնվում է Փարիզի տարածաշրջանում։ Ցույցեր են անցկացվել նաև մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Լիլում, Լիոնում, Գրենոբլում և Նիսում։

Նախարարի հստակեցմամբ՝ աշակերտները շրջափակել են 27 ուսումնական հաստատություն, ինչի հետևանքով անհրաժեշտ է եղել իրավապահների միջամտությունը։ Բացի այդ, նրանք փորձել են արգելափակել ևս 50 դպրոցի մուտքը։ Մյուս հաստատությունների մոտ տարբեր միջադեպեր են արձանագրվել, այդ թվում՝ գույքի վնասման և ոստիկանների վրա հարձակվելու դեպքեր։

ՆԳ նախարարի փոխանցմամբ՝ նախնական տվյալներով՝ բողոքի ակցիաների ընթացքում տուժել է 12 իրավապահ, 8 դասախոս, որոնց թվում՝ երեք տնօրեն, ինչպես նաև շուրջ 12 աշակերտ։

Կիսվեք ձեր էջում