Տատիկին ձերբակալել են,քանի որ թոռնուհուն ստիպել է ամուսնանալ
Վրացական Մառնեուլի շրջանում, որը հիմնականում բնակեցված է ադրբեջանցիներով, ձերբակալվել է մի տատիկ, որը հարկադրել է իր անչափահաս թոռնուհուն ամուսնանալ։ Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳ նախարարության հայտարարությունը։
Հաղորդագրության համաձայն՝ մեղադրյալը, գենդերային խտրականության դրդապատճառով, թոռնուհուն հարկադրել է իր կամքին հակառակ ամուսնանալ համագյուղացու հետ։ Դեպքի առթիվ Վրաստանի քրեական օրենսգրքի՝ «Ամուսնության հարկադրում» հոդվածով հետաքննություն է ընթանում։ Նրան սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում։
Վրացական մամուլը հիշեցնում է, որ չորս տարի առաջ Կախեթիի շրջանի Սագարեջո գյուղում սպանվել էր 14-ամյա մի աղջիկ, որին հարկադրաբար ամուսնացրել էին 28-ամյա տղամարդու հետ։
Աղջկա ամուսինը՝ Ասիմ Սադիկովը, առևանգել էր Այթաջին, իսկ մի քանի ամիս անց սպանել նրան՝ փախուստի դիմելու փորձի ժամանակ։
Այթաջի սպանությունը Վրաստանում հանրային աննախադեպ վրդովմունքի ալիք էր բարձրացրել։ Մարդասպանը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, իսկ քրեական մեղադրանքներ էին առաջադրվել նաև զոհի մորն ու հորեղբորը, որոնք կազմակերպել էին նրա ամուսնությունը։


