Ալբերտ Հովհաննիսյանի նկարը ջնջել են «Հաղթանակ» զբոսայգու պատից
Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, Արցախի հերոս, լեգենդ դարձած Ալբերտ Հովհաննիսյանի նկարը պատկերված էր «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի աջակողմյան հատվածի պատին։
Այն կարճ ժամանակում դարձել էր այն վայրերից մեկը, որ երբ մարդիկ այցելում էին «Հաղթանակ» զբոսայգի, նաև ծաղիկներ էին խոնարհում հերոսի նկարի առջև։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 22-ին մի քանի երիտասարդներ երբ հերթական անգամ այցելում են «Հաղթանակ» զբոսայգի և ցանկանում են ծաղիկներ խոնարհել հերոս հրետանավորի նկարի առջև, անակնկալի են գալիս, երբ հայտնաբերում են, որ պատի վրայից ջնջել են նկարը։
Եվ հավանաբար նկարը հեռացվել է սեպտեմբերի 21-ին, քանի որ սեպտեմբերի 20-ին այն դեռ կար։
Ով է նկարը հեռացրել, դեռևս հայտնի չէ, բայց շատերի մոտ կա կարծիք որ նկարը հեռացվել է Երևանի քաղաքապետարանի կամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի երիտասարդներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին.
«Ցավալի է, որ նման լեգենդ դարձած հերոսների նկարները հեռացնում են։ Բայց ինչքան էլ հեռացնեն, միևնույն է, հո չեն կարող մեր սրտից, մեր հոգուց, մեր տներից էդ հերոս տղերքին ջնջել։
Պարզապես երևույթն է վատ։ Իսկ եթե կարդարանան, թե երևանցիների պահանջով են դա անում, որպեսզի քաղաքի արտաքին տեսքը մաքրվի, ապա դա արդարացում չէ։
Քաղաքի ամեն անկյունում պիտի շատ լավ էդ հերոս տղերքի նկարները լինեն, անգամ նրանց կատարած սխրագործությունների մասին ցուցանակեր մի քանի լեզուներով»։


