Շոու-բիզնես

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում կներկայացնի Վահան Քերոբյանի դուստրը

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 13-ամյա Naré-ն՝ Նարե Քերոբյանը։

Նա էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրն է։ Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է նորությամբ և գրել. «Այս տարի դստրիկս Նարե Քերոբյանը հաղթեց ազգային մրցույթը և կներկայացնի Հայաստանը մանկական Եվրատեսիլում»։

Նարե Քերոբյանը երեք տարի շարունակ փորձել է մասնակցել մրցույթին, իսկ այս տարի, ընտրության արդյունքում, ստացել է Հայաստանը ներկայացնելու իրավունքը։ Ընտրության գործընթացին մասնակցել են ավելի քան 100 երիտասարդ կատարողներ, որոնցից 40-ը անցել են հաջորդ փուլ։ Վերջնական ընտրությունն իրականացրել է մասնագիտական ժյուրին, որի կազմում եղել են նաև «Եվրատեսիլ»-ի Հայաստանի նախկին ներկայացուցիչներ Ռոզա Լինը և Սրբուկը։

Նարեն 5 տարեկանից զբաղվում է երգով և, բացի երաժշտությունից, հետաքրքրվում է նաև պարով ու դերասանական արվեստով։ Նա նշել է, որ ծնողները մշտապես աջակցում են իրեն։

Հայաստանի պատվիրակը «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում հանդես կգա «BOO!» երգով։ Երաժշտության հեղինակը Լիլիթ Նավասարդյանն է, խոսքերի հեղինակը՝ Գրիգոր Կյոկչյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը՝ Արթուր Մանուկյանը։ Երգն ու տեսահոլովակն արդեն հրապարակվել են։

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին՝ Մալթայում։

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին, իսկ մրցույթում հաղթել է երկու անգամ՝ 2010-ին՝ Վլադիմիր Արզումանյանի, և 2021-ին՝ Մալենայի հաղթանակներով։ 2025 թվականին Հայաստանը ներկայացրել էր Ալբերտ Արմենակյանը, որը զբաղեցրել էր 4-րդ տեղը։

Կիսվեք ձեր էջում