Մամուլ

Դայակը հատակը մաքրող փայտով հարվածներ է հասցրել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մեջքին

Տեսակցել եմ Խարբերդի մանկատանը բռնության ենթարկված շահառուին։ Նա այսօր իրեն առաջին հայացքից լավ էր զգում, դեմքին ժպիտ կար, ուզում էր խաղալ։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը։

«Այսօր՝ սեպտեմբեր 20-ին այցելել եմ Արարատի մարզի «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ, հրատապ այցս պայմանավորված էր երեկ մամուլում հրապարակված ահասարսուռ դեպքով, այն է՝ խնամքի հեթապահ դայակը բռնություն էր կիրառել հաշմանդամություն ունեցող մանկատան շահառուի նկատմամբ։

Հարուցվել է քրեկան վարույթ։ Դայակի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ խնամքի հերթապահ դայակը մանկական ուղեղային կաթված ունեցող, բանավոր խոսքին չտիրապոտող, հաղորդակցվել չկարողացող, խնամքի կարիք ունեցող և այդ առումով՝ իրենից կախվածության մեջ գտնվողին հարվածներ է հասցրել, վերջինս գետնին է ընկել, դայակն ապա հատակը մաքրող փայտով է բամաթիվ հարվածներ հասցրել նրա մեջքին, ողնաշարին։ Սա դաժանություն է, անմարդկայնություն, մարդասիրության ճգնաժամ։

Դայակը այս ամենի փոխարեն պետք էր ուղղակի խնամեր, հոգատարություն ու քնքշանք տար անօգնական, հաշմանդամություն ունեցող մարդուն, դրսևորեր հավասարակշիռ վարքագիծ։

Դայակի դաժանության մասին առաջինն արձագանքել է տնօրինությունը՝ դիմելով իրավապահներին և ազատելով դայակին աշխատանքից։

Դեպքը տեղի է ունեցել 2026 թվականի օգոստոսի 13-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում։ Ես եղա այն սենյակում, որտեղ մանկատան շահառուն անխղճորեն ծեծի է ենթարկվել։ Այդ սենյակում շատ լուսավոր մարդիկ կան՝ հաշմանդամություն ունեցող։ Առաջին հայացքից սովորական մի սենյակ է, բայց մթնոլորտը ծանրանում է, երբ սկսում ես պատկերացնել մանկատան շահառուի ֆիզիկական ու հոգևոր տառապանքը

Որոշակիորեն ծանոթացա նաև պահվող պայմաններին։ Իմ այցերը կրելու են շարունակական բնույթ։ Եվ, հատկապես, խորհրդարանական վերահսկողության շրջանակում մենք անելու են հնարավոր ամեն բան, որպեսզի փակ և կիսափակ հաստատություններում կանխվեն բռնությունները։

Յուրաքանչյուր մարդ ունի կյանքի իրավունք։ Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի՝ ֆիզիկական, հոգեբանական և այլ բռնությունից պաշտպանության իրավունք։ Մենք լինելու ենք խիստ հետևողական։

Սա մի դեպք է, որը հանրայնացվել է, բայց քանի-քանի դեպքեր կան, որոնք չեն բարձրաձայնվում։

Այնտեղ մարդիկ են, որոնք առանց ժամ-պատարագ սպասում են իրենց ծնողների վերադարձին, անկախ տարիքից, սեռից։

Նշեմ, որ քրեական վարույթը գտնվում է դատարնում, մենք նաև հետևելու ենք այդ դատավարության ընթացքին։ Հետևողական ենք լինելու, որ համապատասխան անձը, մեղավորության դեպքում, կրի օրենքով սահմանված իր պատիժը»։

Կիսվեք ձեր էջում