Ծեծել է հղի կնոջն ու քաշել մազերից․ նոր մանրամասներ՝ 22-ամյա կնոջ մահվան դեպքից
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ամուսնու կողմից կնոջն ինքնասպանության հասցնելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի մայիսի 21-ին ավտոմեքենայով Ծափաթաղ բնակավայրից Երևան ուղևորվելու ճանապարհին ամուսինը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, հարվածներ հասցրել վերջինիս, ինչի հետևանքով կինը չի ցանկացել շարունակել ճանապարհը, իսկ ամուսինը նրան ֆիզիկական ներգործության ենթարկելով, այն է՝ հարվածներ հասցնելով, մազերից և ձեռքերից քաշելու եղանակով բռնություն գործադրելով, փորձել է նրան պահել ավտոմեքենայի մեջ և այդ կերպ առևանգել է վերջինիս:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ ինքնասպանությանը նախորդող օրերին ամուսինը հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել իր հղի կնոջը, ինչը դրսևորվել է դաժան վերաբերմունքով և արժանապատվությունը նվաստացնելու եղանակով:
Ամուսնու վերոնշյալ գործողությունների հետևանքով կինը Ծափաթաղ-Ծովագյուղ ավտոճանապարհի հատվածում ցանկանալով վերջ տալ կյանքին, բացել է ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայի դուռը և դուրս նետել իրեն, ինչի հետևանքով մահացել է:
Բացի այդ, պարզվել է նաև, որ ամուսինը չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք՝ մայիսի 21-ին ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։
Ամուսնու նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 8-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), 162-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (ինքնասպանության հասցնելը), 195-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (ֆիզիկական ներգործությունը), 191-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (մարդուն առևանգելը) և 344-րդ հոդվածի 2-րդ մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը):
Նա կալանավորվել է:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ինչպես արդեն հայտնել էինք մայիսի 21-ին՝ ժամը 22․40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Ծափաթաղ ճանապարհին՝ Ծովագյուղ բնակավայրի տարածքում, վրաերթի հետևանքով մահացած կին կա։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մեքենայում միջադեպ է եղել ամուսինների միջև, և նախնական տեղեկություններով մահացած կնոջ ամուսինը պատմել է, որ վիճաբանությունից հետո կինը ասել է, թե մեքենան կբացի և իրենց ցած կնետի, որից հետո գնացել է այդ քայլին։


