Արամ Մելիքյանի հայրիկի մոտ ախտորոշվել է քաղցկեղ. ինչ է հայտնել նա
Արամ Մելիքյանն իր սոցիալական էջերում անդրադարձել է երիտասարդ կինոռեժիսոր Արթուր Սահակյանի առողջական վիճակին՝ խոստովանելով, որ իր ընտանիքն էլ այս պահին ծանր փորձության միջով է անցնում․ նրա հայրիկը նույնպես պայքարում է քաղցկեղի դեմ։
«Երբ փորձում ենք ոգևորել, մոտիվացնել, նույնիսկ երբ մի փոքր դժվարության մասին եմ խոսում, հատկապես եթե դա ընտանիքիս է վերաբերում, լավ քլնգվում ենք։ Բայց, ամեն դեպքում, այո՛, մեր ընտանիքում էլ է քաղցկեղը։ Այս պահին մենք՝ ամբողջ ընտանիքով, նրա հետ միասին անցնում ենք շատ բարդ փուլով։ Ես հասկանում եմ՝ Արթուրի ընտանիքն ինչի միջով է անցնում։ Արթուրը շատ երիտասարդ է, և բոլոր նրանք, ովքեր կցանկանան, կարող են աջակցել նրան այս դժվարին պայքարում»,- նշել է Արամ Մելիքյանը։
Նշենք, որ 32-ամյա Արթուր Սահակյանը կինոռեժիսոր է, որի հեղինակած ֆիլմերն արժանացել են մի շարք մրցանակների, այդ թվում՝ միջազգային։ Նա ամուսնացած է և ունի 4 տարեկան որդի։
Վերջերս Արթուրի մոտ ախտորոշվել է քաղցկեղ։ Հայաստանում նա անցել է բուժման բարդ ճանապարհ՝ ենթարկվելով երկու վիրահատության և ստանալով քիմիաթերապիայի չորս կուրս։ Չնայած բուժման սկզբնական դրական արդյունքներին՝ հետագայում հիվանդությունը կրկնվել է։
Այս պահին Արթուրին անհրաժեշտ է բարձր դոզայով քիմիաթերապիա և սեփական ցողունային բջիջների փոխպատվաստում։ Բուժումը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու և ապաքինման հնարավորությունները մեծացնելու նպատակով այն պետք է իրականացվի արտերկրում։ Բուժման համար անհրաժեշտ է 325 հազար ԱՄՆ դոլար, իսկ գումարը հավաքելու համար հայտարարվել է դրամահավաք։
Արթուրին աջակցելու խնդրանքով հանդես են եկել նաև նրա ընկերները, գործընկերներն ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչները։


