Մամուլ

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել

Ռուսաստանում վառելիքային ճգնաժամի ֆոնին օդանավակայանները սկսել են լայնածավալ սահմանափակումներ կիրառել ինքնաթիռների վառելիքով լիցքավորման հարցում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։

Նման միջոցառումներ կիրառվել են առնվազն 26 խոշոր օդանավակայանում։ Սկզբնական սահմանափակումները մտցվել էին դեռևս հունիսին, իսկ երկրորդ ալիքը գրանցվել է սեպտեմբերին։

Օրինակ՝ Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում 2026 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև 2027 թվականի մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի լիցքավորումը թույլատրվում է միայն թռիչքային ծրագրին համապատասխան՝ առանց վառելիքի լրացուցիչ ծավալների։ Նմանատիպ սահմանափակումներ գործում են նաև Կալինինգրադի «Խրաբրովո» օդանավակայանում՝ հունիսի 8-ից դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում։ Այս միջոցառումները վերաբերում են ինչպես ռուսական, այնպես էլ օտարերկրյա ավիափոխադրողներին։

Ավիավառելիքի հետ կապված ամենաբարդ իրավիճակը ստեղծվել է Ռուսաստանի հարավում, որտեղ Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով որոշ օդանավակայաններ շարունակում են փակ մնալ։ Գործող վեց օդանավակայաններից Սոչիում, Վոլգոգրադում և Աստրախանում վառելիքով լիցքավորման սահմանափակումներ են գործում ինչպես ներքին, այնպես էլ օտարերկրյա ավիափոխադրողների համար։ Կրասնոդարում, Միներալնիե Վոդիում և Վլադիկավկազում լիցքավորումը սահմանափակված է օտարերկրյա ավիաընկերություններին պատկանող օդանավերի համար։

Ռուսաստանում վառելիքային ճգնաժամը սկսվել նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո: Օգոստոսի վերջին ներքին բենզինի արտադրությունը ծածկում էր ներքին սպառման միայն մոտ 70%-ը, իսկ դեֆիցիտը հասնում էր օրական 30,000 տոննայի:

Միայն օգոստոսին առնվազն յոթ ռուսական նավթավերամշակման գործարաններ ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցրել են արտադրությունը վերոհիշյալ հարվածների պատճառով, իսկ երկրի 17 շրջաններ սահմանափակումներ են կիրառել վառելիքի վաճառքի վրա:

Կիսվեք ձեր էջում