Վրաերթի է ենթարկվել 18-ամյա հետիոտնը․ նա տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 11։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Ջեմմա Խ․-ն իր վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցի թույլատրելի հատվածով հատող հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Ալբերտ Ս․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Պողոսյանը և Սանասար Պետրոսյանը։
Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։





