Վիճաբանություն և քաշքշուկ Տիչինա փողոցում գտնվող անվադողերի վերանորոգման կետում․ որոնց թվում է Նորատուսցի Ալիկը
ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը՝ ժամը 19:30-ին կանաչ գույնի «Mustang» և մոխրագույն «Nissan» մակնիշի ավտոմեքենաներով Երևանի Տիչինա փողոցում գտնվող անվադողերի վերանորոգման կետում մի խումբ անձինք մոտեցել են վերանորոգման կետի աշխատակցին և հայտնել, որ պետք է «Mustang»-ի անվադողերը ստուգվեն, ապա նորոգելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում մի քանի անձինք (թվով 5 հոգի) քաշքշել են ավտոդողերի վերանորոգման կետի աշխատակցին, նրա հասցեին հնչեցրել սպառնալիքներ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ըստ քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունների՝ այդ անձանցից մեկը հանդիսանում է քրեական պատմություններով հայտնի «Նորատուսցի Ալիկ» մականվամբ Ալիկ Բանդուրյանը։
Դեպքի փաստով քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտե՝ հետագա ընթացքը լուծելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


