Հանգստավայրերում անտառային հրդեհներ են մոլեգնում
Թուրքիայի Անթալիա և Մուղլա նահանգների հայտնի հանգստավայրերում շարունակում են մոլեգնել խոշոր անտառային հրդեհները։ Կաշ և Սեյդիկեմեր շրջաններում իշխանությունները տարհանման հրահանգ են տվել, մինչդեռ հրշեջ ծառայությունները փորձում են վերահսկողության տակ վերցնել իրավիճակը։ Զբոսաշրջիկներին կոչ է արվում լինել առավել զգոն և հետևել պաշտոնական ցուցումներին։
Միջերկրական ծովի թուրքական ափին անբարենպաստ կլիմայական պայմանների հետևանքով ստեղծվել է լարված իրավիճակ, որը վտանգում է երկրի կարևոր զբոսաշրջային ուղղություններից մի քանիսը։ Միաժամանակ լայնածավալ հրդեհներ են բռնկվել Անթալիա և Մուղլա նահանգներում։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են արտակարգ իրավիճակների ծառայությունների զգալի ուժեր և տեխնիկա։ Սակայն ուժեղ քամին շարունակում է արագ տարածել կրակը, ինչի հետևանքով մի շարք բնակավայրերում իրականացվում են հրատապ տարհանումներ։
Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ հուլիսի 29-ի առավոտյան դրությամբ ամենածանր իրավիճակը գրանցվել է Անթալիայի նահանգի Կաշ առողջարանային շրջանում։
Հրդեհաշիջման աշխատանքները բարդանում են տեղանքի առանձնահատկությունների պատճառով․ զառիթափ լանջերն ու քարքարոտ տարածքները խոչընդոտում են ծանր տեխնիկայի տեղաշարժին։ Փրկարարները ողջ գիշեր շարունակել են պայքարել կրակի դեմ, իսկ լուսաբացին գործողություններին միացել են օդային ուժերը՝ սկսելով կրակի օջախների ինտենսիվ մարումը։ Դեպքի վայրում այժմ աշխատում են 26 հրշեջ մեքենա, 9 ջրատար, արագ արձագանքման 5 մեքենա և ավելի քան 155 փրկարար։
Միևնույն ժամանակ Մուղլա նահանգում գյուղատնտեսական տարածքում սկսված հրդեհը, ուժեղ քամու հետևանքով, արագորեն տարածվել է դեպի փշատերև անտառներ՝ վտանգի տակ դնելով բնակելի հատվածները։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները տարհանել են մի քանի գյուղերի բնակիչներին, իսկ որոշ շինություններ արդեն վնասվել են։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են հինգ ինքնաթիռ, 11 ուղղաթիռ, 40 հրշեջ մեքենա և 261 աշխատակից։


