Մամուլ

Լողավազանում հայտնաբերվել է 22-ամյա զբոսաշրջիկի դին

Թաիլանդի հայտնի Փհուքեթ հանգստավայրում ողբերգական դեպք է գրանցվել։ 22-ամյա Ուգանդայի քաղաքացի Քլեր Նաբիմանյեն հայտնաբերվել է անկենդան վիճակում՝ շքեղ առանձնատան լողավազանում։ Դեպքի մասին հայտնում է Khaosod English-ը։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ երիտասարդ կինը հանգստի ընթացքում Բանգլա Ռոուդի ժամանցային գոտում ծանոթացել է Հնդկաստանի քաղաքացու հետ։ Նրանք միասին ժամանակ են անցկացրել, ալկոհոլ օգտագործել, ապա մեկնել մասնավոր առանձնատուն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գիշերվա ընթացքում նրանք որոշել են լողալ։ Տղամարդը նշել է, որ կինը լավ լողալ չի իմացել, իսկ լողավազանն ունեցել է մոտ երկու մետր խորություն և թեք հատակ։

Նրա խոսքով՝ երբ նկատել է, որ կինը սկսել է խորտակվել, փորձել է օգնություն ցուցաբերել, սակայն չի կարողացել փրկել նրան։ Դրանից հետո նա կապ է հաստատել շտապօգնության ծառայության և իրավապահ մարմինների հետ։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները բռնության կամ ապօրինի մուտքի որևէ հետք չեն հայտնաբերել։ Այդուհանդերձ, տղամարդը տեղափոխվել է ոստիկանություն՝ հարցաքննության համար, ինչպես նաև պարտավորվել է անցնել թմրամիջոցների օգտագործման ստուգում։

Կնոջ մարմինը տեղափոխվել է դատաբժշկական փորձաքննության։ Թաիլանդի իրավապահ մարմինները շարունակում են հետաքննությունը՝ մահվան իրական պատճառներն ու հանգամանքները պարզելու նպատակով։

Միաժամանակ նրանք համագործակցում են Ուգանդայի դեսպանատան հետ՝ ընտանիքին տեղեկացնելու և աճյունի հայրենադարձության գործընթացը կազմակերպելու համար։

Կիսվեք ձեր էջում