Մամուլ

Եղաններով ու բահերով սատկացրել են գայլին

Ինչպես արդեն հայտնել էինք հուլիսի 8-ին Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրում գայլի հարձակման հետևանքով մի քանի մարդ է տուժել։

Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը մեզ հետ զրույցում հայտնել է, որ գիշատիչը հարձակվել է ընդհանուր առմամբ 6 մարդու վրա, որոնց թվում եղել է նաև 3-ամյա երեխա։

«Տուժածներից միայն մեկն է մեր բնակավայրից՝ 70-ամյա տղամարդ է, իր այգում աշխատելիս է եղել, այնտեղ անասուններ էլ է պահում։

Գյուղը Գորիս-Կապան նախկին ճանապարհի ձախ կողմում է, մեր տուժած բնակչի այգիները բնակավայրից դուրս է, այդտեղ իր վրա է հարձակվել, հետո եկել է ճանապարհին մի 2-3 հոգու վրա էլ է հարձակվել, նոր հասել է Գորիս։

Գորիսում 3 տարեկան երեխան բակում խաղալուց է եղել, իր վրա է հարձակվել, հետո նոր հակառակ ուղղությամբ գյուղի վերևով փորձել է գնալ, բայց գյուղացիները վնասազերծել են։

Բահով, եղանով, գյուղատնտեսական ինչ գործիք եղել է գյուղացիների ձեռքի տակ խփել են, սատկացրել են գայլին»,- ասաց Ավետյանը։

Նրա խոսքով՝ ամենածանր վիճակում գտնվում է 70-ամյա տղամարդը, որի վրա գայլը հարձակվել է հենց իր այգում աշխատելու ընթացքում։

«Գայլը մեջքի կողմից է հարձակվել, մեջքի ու դեմքի շրջանում են վնասվածքները, Գորիսում վիրահատվել է, բայց երևի կտեղափոխեն Երևան, վիճակը շատ ծանր է»։

Լուսինե Ավետյանի խոսքով՝ իր երկարամյա աշխատանքի ընթացքում նման դեպք բնակավայրում երբևէ չի արձանագրվել։

«Չէ, ես 22 տարի աշխատում եմ, նման դեպք, որ մտնեն բնակավայր, չի եղել։ Եղել է դրսերում, արոտներում, այգիներում, բայց որ բնակավայր մտնի՝ չի եղել, սա առաջին դեպքն է»։

Կիսվեք ձեր էջում