Մամուլ

Մայրը սպանել է 5-ամյա դստերը. հայտնի են ողբերգության մանրամասները

Ռուսաստանում շարունակում է մեծ արձագանք առաջացնել Աչինսկի 32-ամյա բնակչուհու գործը, որը կասկածվում է Նովոսիբիրսկում իր 5-ամյա դստերը սպանելու մեջ։

Քննության նախնական տվյալների համաձայն՝ հունիսի 27-ին կինը դստերը տնից դուրս է բերել՝ ասելով, որ գնում են խանութ։

Սակայն, ըստ իրավապահների վարկածի, նրանք հասել են երկաթուղային գծերի հարակից ամայի տարածք, որտեղ կինը խեղդամահ է արել երեխային։

Ավելի ուշ աղջկա մարմինը հայտնաբերվել է երկաթուղային թմբի վրա։ Դեպքից հետո կասկածյալը հեռացել է քաղաքից և մեկնել Նովոսիբիրսկ, որտեղ էլ ձերբակալվել է։

Ողբերգությունը լայն քննարկումների թեմա է դարձել նաև մասնագիտական շրջանակներում։ «Արգումենտի ի Ֆակտի»-ին տված հարցազրույցում հոգեբույժ-նարկոլոգ Վասիլի Շուրովը փորձել է ներկայացնել, թե ինչ հոգեբանական գործոններ կարող էին նման հանցագործության հիմքում լինել։

«Այս պատմությունն ինձ հիշեցնում է Մեդեայի առասպելը։ Յասոնին ցավ պատճառելու համար նա սպանեց նրանց երկու երեխաներին։

Որոշ կանայք, գտնվելով ուժեղ հուզական կախվածության կամ սիրային ապրումների ազդեցության տակ, կարող են գնալ ծայրահեղ քայլերի»,– նշել է մասնագետը՝ հավելելով, որ երբեմն խանդը, վիրավորվածությունը կամ զուգընկերոջից վրեժ լուծելու ցանկությունը կարող են հանգեցնել ողբերգական հետևանքների։

Միաժամանակ Շուրովը շեշտել է, որ այս պահին վաղ է վերջնական եզրակացություններ անել։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է սպասել դատահոգեբուժական փորձաքննության արդյունքներին, որոնք կպարզեն՝ կասկածյալը դեպքի պահին գիտակցե՞լ է արդյոք իր գործողությունների բնույթն ու հետևանքները։

«Պետք է սպասել հոգեբանական և հոգեբուժական փորձաքննության եզրակացությանը։ Հնարավոր է՝ կինը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի»,– ասել է նա։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Իրավապահները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները, իսկ փորձաքննությունների արդյունքները կօգնեն առավել հստակ գնահատել ինչպես ողբերգության պատճառները, այնպես էլ կասկածյալի հոգեկան վիճակը։

spanutyun
Կիսվեք ձեր էջում