Ողբերգական դեպք․ 21-ամյա տղան ցատկել է գետը և գլխով հարվածել քարին
Այսօր՝ հուլիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեպար բնակավայրում 21 տարեկան տղան ընկել է գետը և չի նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Նոյեմբերյանի հրշեջ–փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացիները գետից դուրս են բերել մահացածի մարմինը, ով, ըստ նախնական տեղեկությունների, լողալու նպատակով ցատկել է գետը և գլխով հարվածել քարին։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Ահազանգով դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Մամիկոն Դավթյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Քննիչներն ու ոստիկանները տեղում պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ, 21-ամյա Գառնիկ Ղ․-ն է։Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսելուց, նշում էին, որ մահացածի մարմինը քաղաքացիների հետ գետից դուրս են բերել հանգստի մեջ գտնվող 2 հրշեջ փրկարարներ։



