Օրական որքա՞ն ձուն է անվտանգ, և ինչ հիվանդությունների ռիսկ կա դրա չարաշահման դեպքում
Օրական մեկ ձուն համարվում է նորմա առողջ մարդկանց մեծամասնության համար։
Մի փոքր ավելի օգտագործումը սովորաբար վնաս չի պատճառում, սակայն ռիսկի խմբում գտնվողների մոտ կարող է բարձրացնել խոլեստերինի մակարդակը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է էնդոկրինոլոգ Մարգարիտա Բելոուսովան։
Նրա խոսքով՝ առողջ մարդկանց համար, ովքեր չունեն լիպիդային նյութափոխանակության խանգարումներ կամ սրտանոթային հիվանդություններ, օրական մեկ ձուն անվտանգ է, իսկ փոքր-ինչ ավելի օգտագործումը հիմնականում վտանգ չի ներկայացնում։
Սակայն որոշ մարդկանց մոտ օրգանիզմը ավելի զգայուն է․ նրանց մոտ կարող է նկատվել խոլեստերինի զգալի աճ։ Ռիսկը ավելի բարձր է 2-րդ տիպի շաքարախտով, բարձր «վատ» խոլեստերինով կամ սրտանոթային հիվանդություններով տառապող անձանց մոտ։
Բելոուսովան նաև նշել է, որ 7 ամսականից մինչև 1 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում տալ միայն դեղնուցի փոքր քանակ, իսկ մեկ տարեկանից հետո՝ նաև սպիտակուց։
Նա հավելել է, որ կարևոր է նաև ընդհանուր սննդակարգը․ ձուն օգտակար է բանջարեղենի հետ կամ հավասարակշռված սննդի մեջ, սակայն հագեցած ճարպերով հարուստ սննդի (բեկոն, երշիկ, շատ յուղով տապակած ուտեստներ) հետ համադրությունը կարող է բարձրացնել սրտանոթային ռիսկը։
Բժիշկը ընդգծել է նաև, որ տարբեր ուտեստներում՝ թխվածքներում, աղցաններում կամ սոուսներում օգտագործվող ձվերը նույնպես պետք է հաշվի առնել, քանի որ օրգանիզմի համար տարբերություն չկա՝ ձուն առանձին է օգտագործվում, թե որպես բաղադրիչ։



