Օգտակար

Ո՞ւմ համար են վտանգավոր պելմենին ու խինկալին․ բժիշկի պարզաբանումը

«СМ-Клиника» բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգ Մաքսիմ Լիսովսկին նշել է, թե ինչ դեպքերում պետք է հրաժարվել պելմենիից և խինկալիից։ Նա այդ մասին խոսել է Lenta.ru-ի հետ զրույցում։

Մասնագետի խոսքով՝ այս ուտեստները հատկապես հակացուցված են սուր պանկրեատիտ ունեցող կամ դրա քրոնիկ ձևի սրացման փուլում գտնվող մարդկանց համար։

Լիսովսկին բացատրել է, որ ճարպոտ մսի և խիտ խմորի համադրությունը ստիպում է ենթաստամոքսային գեղձին ակտիվորեն արտադրել ֆերմենտներ։

Բորբոքման դեպքում դա կարող է առաջացնել ուժեղ ցավ, սրտխառնոց և արտահայտված փքվածություն։

Բացի այդ, բժիշկը խորհուրդ է տվել ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոց ունեցողներին ևս խուսափել պելմենիից, հատկապես հիվանդության սրացման շրջանում։ Նրա խոսքով՝ հագեցած արգանակն ու խիտ խմորը կարող են ուժեղացնել գրգռվածությունն ու ցավային զգացողությունները։

Մասնագետը նաև զգուշացրել է, որ ճարպոտ մսի արգանակը կարող է հանգեցնել լեղապարկի կտրուկ կծկման՝ առաջացնելով բերանում դառնահամ, ծանրության զգացում և աղիքային խանգարումներ։

Կիսվեք ձեր էջում