Ողբերգական դեպք՝ Երևանում. Արաբկիրում՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին
Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ փետրվարի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան 1-ին գումարտակի 3-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտաս 55 հասցեի դիմաց՝ «Երևան Սիթի»-ի հարևանությամբ, տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել նույն գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանը, հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանն ու վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Տեղում ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանները ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 86-ամյա Պ. Վ.-ն է, ով գիտակցությունը կորցրել է, ընկել գետնին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



