Մամուլ

Սիդնեյում շնաձկան հարձակումից 12-ամյա տղա է մահացել

12-ամյա Նիկո Անտիչը մահացել է հիվանդանոցում՝ Սիդնեյի նավահանգստում շնաձկան կողմից հարձակման ենթարկվելուց հետո ստացած ծանր վնասվածքներից։

Նիկո Անտիչը ընկերների հետ ժայռից թռչելիս է եղել, երբ նրա վրա շնաձուկ է հարձակվել: Հարձակումը տեղի է ունեցել Վոկլյուզում՝ Սիդնեյի կենտրոնից ընդամենը 9 կիլոմետր հեռավորության վրա։ Շնաձուկը խորը վերքեր է հասցրել տղայի երկու ոտքերին, որից հետո նրա ընկերները նրան ափ են քաշել և շտապօգնության բժիշկներ են կանչել։

Պաշտոնական հայտարարության մեջ Նիկոյի ծնողները նրան նկարագրել են որպես «ուրախ, բարեկամական և մարզական տղա», որը միշտ լի էր կյանքով։ Սակայն բժիշկները չեն կարողացել փրկել տղային արյան լուրջ կորստի պատճառով։

Այս միջադեպը Նոր Հարավային Ուելսի ափամերձ գոտում երկու օրվա ընթացքում շնաձկների հարձակման գրանցված չորս դեպքերից մեկն է: Անցյալ շաբաթ Ավստրալիայի արևելյան ափին շնաձկների հարձակման բազմաթիվ հաղորդումներ են ստացվել, որոնցից երեքը՝ Սիդնեյում:

Երկուշաբթի Սիդնեյի հյուսիսային լողափերում սերֆինգիստին հաջողվել է փրկվել դարանակալած շնաձկից առանց մարմնական վնասվածքների, իսկ մի քանի ժամ անց հարևան լողափում շնաձկան հարձակման հետևանքով 27-ամյա տղամարդը կյանքի համար ծանր հետևանքներ ունեցող վնասվածքներ է ստացել:

Մեկ օր անց Նոր Հարավային Ուելսի Միջին Հյուսիսային ափին ջրից դուրս են բերել շնաձկան կծածից փրկված մի տղամարդու:

39-ամյա տղամարդը կրծքավանդակի վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Շնաձկների հարձակումները հաջորդել են տեղատարափ անձրևներին, որոնք, ըստ փորձագետների, «իդեալական փոթորկի» պայմաններ են ստեղծել բուլ-շնաձկների համար, որոնք նախընտրում են պղտոր ջուրը: Ըստ նրանց՝ անձրևը ջուրն է լցնում սննդարար նյութեր, ինչը կարող է շնաձկներին ավելի մոտ բերել ափին:

Սիդնեյի բոլոր լողափերը փակվել էին բնակչության պաշտպանության համար մինչև եղանակի բարելավումը։ Դրանցից շատերը վերաբացվել են Ավստրալիայի օրվան նվիրված տևական հանգստյան օրերին: