Մամուլ

«Hyundai Elysion»-ն Ապարանի տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա տուժած

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում «Hyundai Elysion» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 68 կմ հատվածում՝ Ապարանի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն: 

Օպերատիվ են գործել նշված բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայութան ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արմեն Տիգանյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահե Պապիկյանն ու Ռազմիկ Սիմոնյանը: 

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունը: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։