Մամուլ

Մեկ օրում չորս մարդու կյանք խլած տղամարդը կարող է խուսափե՞լ պատասխանատվությունից

Կոտայքում հոկտեմբերի 12-ին չորս մարդու կյանք խլած տղամարդը, որը որսորդական հրացան է ունեցել, կարող է անմեղսունակ ճանաչվել և խուսափել պատասխանատվությունից։ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակներում անձի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն։

Թե ինչն է հիմք հանդիսացել նման փորձաքննությանը՝ նախաքննական մարմնից չեն պարզաբանել, բայց նշենք, որ սույն անձը, մեր տեղեկություններով,  վերջերս էր ստացել որսորդական հրացան կրելու թույլտվություն, ու հարց է առաջանում, եթե հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ են եղել, ապա ինչպես է նման թույլտվություն ստացել ոստիկանությունից։ ՔԿ-ից հարցին պատասխանելու համար գրավոր հարցում են խնդրել։ Ի դեպ, «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նշված անձը նաև քպական է։

Հիշեցնենք, որ  Կոտայքի մարզում դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ հոկտեմբերի 12-ին։ Տղամարդը նախ սպանել էր Արամուսի դաշտերում գազար հավաքող ամուսիններին, որոնց գտնվելու վայրը պարզել էր հեռախոսազանգի միջոցով, հետո էլ սպանել է մյուս զգույգին։ Ընդ որում՝ չարագործի զոհերից մեկը բնակվում է արտերկրում եւ վերջերս էր եկել Հայաստան, իսկ դեպքի օրն էլ իր ծանոթի հետ գնացել էին բնության գրկու հանգստի։ 

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ սպանություններից հետո չարագործը գնացել էր քեռու տուն, որտեղ էլ պատմել էր իր «հերոսությունների» մասին։ Ավելին՝ քաջատեղյակ աղբյուրները հայտնում են, որ նրա մոտ ցուցակ է եղել, որոնց սույն անձը նպատակադրված է եղել սպանել։ ՔԿ-ից ավելի վաղ ասել էին, որ ցուցակի հետ կապված չունեն մեկնաբանություն։

Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ 60-ամյա տղամարդը ձերբակալվել է, տվել  խոստովանական ցուցմունք, իսկ նրան պատկանող ողորկափող հրացանը հայտնաբերվել է ավտոմեքենայում: Նրա նկատմամբ  հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) (2 դրվագ), 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ, 13-րդ կետերով (շահադիտական դրդումներով այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանությունը) (2 դրվագ), 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ, խոշոր չափերով կատարված ավազակությունը):