Իրանի նախագահն առաջարկել է մայրաքաղաքը տեղափոխել Թեհրանից
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկել է մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխել Պարսից ծոցի ափ: Այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։
«Այսօր մենք ընտրություն չունենք. մենք պետք է դա անենք։ Թեհրանում կյանքը դառնում է անտանելի», – Պարսից ծոցի ափին գտնվող Բենդեր Աբբաս քաղաքում նրա հայտարարությունն է մեջբերել EFE գործակալությունը։
Նախագահը մայրաքաղաքը տեղափոխելու պատճառների թվում նշել է օդի աղտոտվածության բարձր մակարդակը Թեհրանում, բնահողի հետ կապված խնդիրները, ջրի անբավարարությունը և ինտենսիվ ճանապարհային երթևեկությունը։ Նա Պարսից ծոցի ափը համարում է լավագույն վայրը նոր մայրաքաղաքի համար, քանի որ այն կունենա ջրային ուղիների ուղղակի հասանելիություն, ինչը կնպաստի երկրի առևտրատնտեսական զարգացմանը։
Փեզեշքիանը մայրաքաղաքը տեղափոխելու հարցն արդեն քննարկել է Իսլամական Հանրապետության ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի հետ։
Կառավարության մամուլի քարտուղար Ֆաթեմե Մոհեջերանին հայտնել է, որ որպես նոր մայրաքաղաքի վայր դիտարկվում է նաև Մաքրանի տարածաշրջանը, որը գտնվում է Օմանի ծոցում՝ Սիստան և Բելուջիստանի նահանգում։ Սակայն մայրաքաղաքի տեղափոխումն այդ շրջան կարող է բարդանալ այն պատճառով, որ նահանգի բնակչության զգալի մասը կազմում են սուննի մուսուլմաններն այն դեպքում, երբ Իրանում գերակշռում է իսլամի շիա ուղղությունը։
Քննադատները նախագահի առաջարկը որակել են «ոչ կենսունակ»։