Մամուլ

Սյունիքի մարզում իրանական բեռնատարը գլորվել է ձորը․ վարորդը մահացել է

Այսօր սեպտեմբերի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում իրանական համարանիշերով դիզվառելիք տեղափոխող բեռնատարը «Մեղրու սար» կոչվող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 200 մետր գլորվելով հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացած վարորդի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է։

Ավտոմեքենան էլ մի քանի պտույտ գլորվելու պատճառով մի քանի մասի է բաժանվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։