Աշխարհ

Հայտնի է՝ ում է կտակել Ջորջո Արմանին իր ապրանքանիշը

ANSA գործակալության տվյալներով՝ դիզայները երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չունի և նա իր ժառանգությունը բաժանել է իր գործընկեր Պանտալեո Դել’Օրկոյի և իր ամենամոտ ազգականների միջև։

Ջորջո Արմանին բաժնետոմսերի 40%-ը թողել է իր գործընկերոջը, 30%-ը՝ իր կողմից 2016 թվականին ստեղծված «Ջորջո Արմանի» հիմնադրամին, իսկ 15%-ը՝ իր զարմիկին և զարմուհուն, որոնք ղեկավարում էին բիզնեսի տարբեր ոլորտներ։

Մնացած ազգականները բաժնետոմսեր են ստացել առանց քվեարկելու իրավունքի։ Ընդհանուր առմամբ, նրա կարողությունը գնահատվում է մոտ 13 միլիարդ եվրո։

Միաժամանակ, Արմանին պահանջել էր, որ ֆոնդի ներկայացուցիչները 12-18 ամսվա ընթացքում վաճառեն ընկերության կապիտալի 15%-ը, իսկ հաջորդ երեք-հինգ տարիների ընթացքում՝ ևս 30-54.9%-ը՝ նույն գնորդին։ Մեկ այլ տարբերակ է ընկերությունը հանրային դարձնել հինգ-ութ տարվա ընթացքում։

Ջորջոն նաև նշել էր, թե ում է տեսնում որպես գնորդներ։ Նրանց թվում են հայտնի շքեղ ապրանքանիշերը՝ L’Oreal, LVMH և EssilorLuxottica։

Նշենք, որ Արմանին մահացել էր սեպտեմբերի 4-ին՝ 91 տարեկան հասակում և համարվում էր 20-րդ դարի ամենանշանավոր դիզայներներից մեկը: