Աշխարհ

Մոսկվայից թոշակառուն խաբեբաներին տվել է 5 կգ ոսկի, 200 հազար դոլար և 20 հազար եվրո

Մոսկվացի թոշակառուն խաբեության զոհ է դարձել՝ փոխանցելով ավելի քան 63.7 միլիոն ռուբլի՝ «սպասարկման ծառայության» անունից ստացված հեռախոսազանգերից հետո։ Այս մասին «Lenta.ru»-ին հայտնել է Մոսկվայի դատախազությունը։

Անհայտ անձը զանգահարել է կնոջը և հայտնել, որ իրենց շենքում դոմոֆոն են փոխում։ Այդ պատրվակով նա համոզել է թոշակառուին հայտնել SMS-ով ստացած կոդը՝ իբր նոր բանալիներ ստանալու նպատակով։

Դրանից հետո նրան զանգահարել է մեկը, ով ներկայացել է որպես Ռոսկոմնադզորի աշխատակից և հայտնել, թե իբր նրա անձնական տվյալները գողացվել են, և նրա ու ամուսնու անունից վստահագրեր են ձևակերպվել։

Զանգողը առաջարկել է «պահպանել» կնոջ բոլոր խնայողությունները, սակայն դրա համար պահանջել է հետևել իր բոլոր հրահանգներին։

Խաբեբաները հինգ օր շարունակ կապի մեջ են եղել կնոջ հետ՝ այդ թվում նաև տեսազանգերով։ Այդ ընթացքում նա փոխանցել է 200 հազար դոլար, 20 հազար եվրո, 4 միլիոն ռուբլի և 5 կգ ոսկի։

Դատախազությունը քաղաքացիներին կոչ է արել SMS-ից կոդեր չհայտնել, իսկ կասկածելի զանգերի դեպքում անմիջապես անջատել հեռախոսը։ Գերատեսչության տվյալներով՝ այս դեպքի հետաքննությունը դեռ շարունակվում է։