Սկեսուրիս սիրով եմ խնամում, որ իր կյանքի բոլոր օրերն ապրի գեղեցիկ, մաքուր ու ապահով. Աննա Էլբակյան
Այսօր ՀՀ Վաստակավոր արտիստ, դերասանուհի Աննա Էլբակյանի ծննդյան տարեդարձն է: Դերասանուհին Tert.am Life-ի հետ զրույցում խոսել է իր կյանքի ամենամեծ ձեռքբերումներից ու երազանքից, ինչպես նաև, առաջին անգամ անկեղծացել է, որ 93-ամյա սկեսուրին սիրով է խնամում, ամեն ինչ անում, որ նա իր կյանքի բոլոր օրերն ու ժամերը գեղեցիկ ապրի, սիրված ու ապահով:
«Իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումը մարդիկ են, իմ մեծ ընտանիքը, ու մարդիկ, որոնք անպայման պիտի լիեն իմ շուրջ, որ ես կարողանամ լինել իմ ճիշտ գործառույթի մեջ: Ուզում եմ, որ Աստված ինձ ուժ տա դրա համար: Ձեռքբերումս, իհարկե, ամուսինս է: Ես ինձ գնահատում եմ իրենով: Շնորհակալ եմ նրան, որովհետև ամեն կին ուզում է գնահատված լինել:
Կարծում եմ, որ դա չպիտի լինի ագրեսիվ ու վայնարձակ, ինչպես մարդիկ հիմա սիրում են ցուցադրել, որ բոլորն ասեն՝ ինչ լավն ես դու: Դա ինձ պետք չէ: Ես չեմ ուզում օրիգինալ լինել, իսկ հիմա՝ համատարած ինքնացուցադրման հիստերիայի մեջ, ավելի ես հասկանում, որ իրոք դա բացարձակ կարևոր չէ:
Կարևոր է այն մարդը, որով դու գնահատված ես, երբ չկան տոներ, փայլուն բաներ, փուչիկներ, ծաղիկներ, երբ դատարկ է, բայց միևնույն է տոն է, որովհետր ինքը քո կողքին է, որովհետև քո ձեռքբերումն է»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ դերասանուհին:
Նա պատմեց, որ երեկոյան պառկած մտածում էր, որ վաղն իր ծննդյան տարդարձն է ու ոչ մի արտասովոր բան չկա.
«Ու ես տեսա մի մեծ ձուկ, դա ես էի, որի փորում շատ փոքր ձկնիկներ կային: Ու սկսեցի հատ-հատ բոլորի համար աղոթք անել:
Մարդիկ, որոնք արյունակցական կապ չունեն ինձ հետ, բայց ես երջանիկ կլինեմ, եթե իմ սրտի աղոթքը իրենց կյանքում իրականանա, ոչ թե մտնեմ ուրիշի կյանք, այլ՝ մի փոքր ներդրվեմ ու կարողանամ փոխանցել, թե ինչ բան է իրական երջանկությունը, որովհետև ես իրոք երջանիկ եմ»,- նշեց Աննա Էլբակյանն ու խոստովանեց, որ կյանքի ներկա փուլում իր երազանքը լիովին հակադարձում է իր ասածին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում