ՄամուլՏեսանյութ

Մարտիրոս Բարսեղյանը փորձել է փրկել վիրավոր հրամանատարին, սակայն արիաբար զոհվել է

Մարտիրոս Բարսեղյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով։ Ծառայել է Արալեռում, եղել է ավագ մեխանիկ։ Քիչ էր մնացել զորացրվելուն։ Ծառայել է սիրով, առանց տրտնջալու։

Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պապիկը՝ Գառնիկ Բարսեղյանը պատմեց, որ ինքն ու թոռը շատ էին կապված։ Հոկտեմբերի 12-ին կանխազգացել է թոռան զոհվելը։ Գնացել է Վայք, որտեղ եղել է Մարտիրոսի վիրավոր ընկերը։

«Հարցնելով գտա այդ տղայի տունը, ոտքից վիրավոր էր։ Պատմեց, որ իրենց հրամանատարը հրաման է տվել՝ գնալ առաջ, Մարտոս նստել է ղեկին գնացել են առաջ ու ընկել շրջափակման մեջ։

Վաշտի հրամանատարը հեռադիտակով տեսել է, թե ինչպես է տանկը խփել, հետո տղաները սկսել են կրակել։ Հրամանատարը վիրավորվել է, Մարտոն փորձել է քաշելով հեռացնել, մի քիչ քաշել է, ոտքից վիրավորել են, տեսել են, որ չեն կարողանում օգնել վիրավոր հրամանատարին, երեքով վազել են, որ թաքնվեն բլուրի հետևում։ Երեքն էլ բլուրի վրա զոհվում են, վաշտի հրամանատարն է տեսել»,-ասաց պապը։

Գառնիկ Բարսեղյանն ասում է, որ երկու ամիս փնտրել է թոռան դին․ «Վաշտի հրամանատարը եկավ այստեղ, մեդալը բերեց, ասաց Ջրականի 95-րդ ուղղու վրա խփել են երեխաներին»։

Վաշտի հրամանատարի շնորհիվ կարողացել են գտնել Մարտիրոս Բարսեղյանի դին։ Հուղարկավորել են դեկտեմբերի 31-ին։

Մանրամասները՝ տեսանյութում

Կիսվել